«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայան` «Խոսրովի արգելոց»-ի հարակից տարածքում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի հարակից առաջին մասնավոր կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» կոչվող պահպանվող տարածքում հիմնական կայան է տեղադրել:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` նորակառույց կայանը ծառայելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաև կնպաստի անձնակազմի և այցելու գիտնականների կողմից՝ արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Բարձր լեռնային գոտում բջջային կապից օգտվելու հնարավորությունից բացի` նորակառույց կայանը թույլ կտա իրական ժամանակում անհրաժեշտ տվյալներ փոխանցել Ուրցաձորի էկոկրթական կենտրոն՝ SIM քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկների միջոցով, որոնք տրամադրել էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Օրինակ` տեսախցիկը կարող է գրանցել վայրի կենդանու առկայությունը և փոխանցել տվյալը համապատասխան հասցեով: Շարժական հաղորդակցության ծառայությունների հասանելիությունը նաև կօգնի կապ պահպանել տարբեր կառույցների հետ, եթե լրացուցիչ միջամտության կարիք առաջանա:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ում նշում են, որ ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում:

«Նորարարությունը ինքնանպատակ կլիներ, եթե չծառայեր մարդկության առաջընթացին: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դերը մեր հասարակությունում չի սահմանափակվում բնակչությանը հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շնորհիվ շահույթի ստացմամբ: Շրջակա միջավայրը վտանգված է: Դեպի ծովը ելք չունեցող մեր երկիրը պատկանում է աշխարհի այն 34 տարածաշրջաններին, որոնք Conservation International կազմակերպության կողմից ճանաչվել են որպես Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման կարևորագույն գոտիներ: Հայաստանը այն եզակի երկրներից է, որոնք ունեն էնդեմիկ տեսակների հարուստ կենսաբազմազանություն: Մենք պետք է հոգ տանենք մեր բնական ժառանգության պահպանման մասին, այլապես՝ վաղը կարող է չափազանց ուշ լինել»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեկնաբանել