24 հուլիս, 2014 12:25

ԱՄՆ դեսպանությունը` դեպի Հայաստան թռիչքների անվտանգության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տեղադրել, որում անդրադառնում է դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ հարցերին:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Մենք հարցումներ ենք ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար:

Ամերիկայի քաղաքացիները, որոնք ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն, պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար, որի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ: ԱՄՆ քաղաքացիներին, որոնք այցելելու են կամ բնակվում են Հայաստանում, խրախուսում ենք գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում: Այս ծրագրում գրանցվելը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսւթյանը հնարավորություն է տալիս կապվել ձեր հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»:

Հուլիսի 17-ին մալայզական Malaysia Airlines-ին պատկանող Boeing 777 ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Ուկրաինայի Դոնեցկի մարզում։ Օդանավը Ամստերդամից մեկնում էր Կուալա-Լումպուր։ Ինքնաթիռի բոլոր 283 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել էին։ Նրանց մեջ Հայաստանի քաղաքացիներ չէին եղել: Ավելի ուշ միջազգային մի շարք ավիաընկերություններ հայտարարել էին Ուկրաինայի օդային տարածքը շրջանցելու նպատակով երրորդ երկրներով թռչելու մասին: