24 հուլիս, 2014 10:51

ԼՂ խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի. Ուորլիք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համար պետք է առաջնահերթություն լինի: Ինչպես Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ինքն այս մասին հիշեցրել է համանախագահներին հուլիսի 23-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Ես հիշեցրի ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ չնայած գլոբալ խնդիրներին` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի»,- ասել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հուլիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպումներից հետո համանախագահները հաղորդագրությամբ էին հանդես եկել, որում խոր մտահոգություն էին հայտնել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների վերաբերյալ: