Նորածինների մահացության դեմ պայքարի ծրագիրը նոր մարզեր կընդգրկի

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink հասարակական կազմակերպության տնօրեն Քեթի Մելորը հուլիսի 25-ին ներկայացրել են առողջական խնդիրներ ունեցող, վաղաժամ ծնված երեխաների խնամքի բարելավմանը և Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության զեկույցը:

Ծրագիրը մեկնարկել է 2008-ին` անցյալ տարիների ընթացքում ընդգրկելով տասնմեկ նորածնային բաժանմունք Երևանում և քսաներեք բաժանմունք Հայաստանի յոթ մարզերում: Այն կշարունակվի նաև 2014-ին` ներառելով Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածի և Սյունիքի մարզերի ինը բուժհաստատություն: 2008-2014 թթ. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ծրագրի իրագործման համար տրամադրել է շուրջ 535 միլիոն դրամ:

«Նորածնային մահացությունը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում. բացառություն չէ նաև Հայաստանը: Անհնար է անտարբեր մնալ՝ գիտակցելով, որ կարելի է փրկել բազմաթիվ երեխաների, որոնք մահանում են անհրաժեշտ սարքավորումների բացակայության կամ մասնագիտացված բուժօգնության անհասանելիության պատճառով»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի մեկնարկի մասին ազդարարվել է 2009թ. սեպտեմբերին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած գիտաժողովի ժամանակ: Ծրագրի նպատակն է Հայաստանում նորածնային մահացությանը կրճատումը՝ ժամանակակից և նոր բուժսարքավորման ապահովման, նորածնային բաժանմունքերի վերասարքավորման և բուժանձնակազմի վերապատրաստման միջոցով:

«2008-ին՝ մինչև ծրագրի մեկնարկը, չկային ժամանակակից սարքավորումներ առողջական խնդիրներ ունեցող նորածինների խնամքի և պատշաճ բուժօգնության ցուցաբերման համար: Նորածնային բաժանմունքերի մեծամասնությունը, հատկապես մարզային հիվանդանոցներում, վերասարքավորված չէին և չունեին անհրաժեշտ սարքավորումներ: Առողջական խնդիրներ ունեցող և վաղաժամ ծնված երեխաների խնամքով զբաղվող բուժքույրերը չունեին համապատասխան մասնագիտական վերապատրաստում, քիչ էին արհեստավարժ նեոնատոլոգները: Երեխաների ավելի քան 50 տոկոսը ծնվում էր Երևանում: Չկարողանալով պատշաճ բուժօգնություն ապահովել առողջական խնդիրներ ունեցող նորածինների համար՝ մասնագետները ստիպված էին լինում մարզերից տեղափոխել Երևանի բուժկենտրոններ: Սակայն, ժամանակի կորստի պատճառով հաճախ չէր հաջողվում փրկել երեխայի կյանքը կամ կանխել հիվանդության բարդացումը: Նորածնային մահացության հիմնական պատճառներից են վաղահաս ծնունդը, վարակը կամ թթվածնային քաղցը: Պատշաճ բուժօգնությունը հնարավորություն կտա կրճատելու մահացությունը: Իրագործվող ծրագրի շնորհիվ բուժկենտրոնները և նորածնային բաժանմունքներն ապահովվել են առողջական խնդիրներ ունեցող կամ վաղաժամ ծնված երեխաների խնամքի սարքավորումներով, այդ թվում՝ տաքացուցիչ, երակային ներարկման պոմպ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, թթվածնային սարք: Ձեռք բերված բուժսարքավորումները հնարավորություն են տալիս անհրաժեշտ և պատշաճ օգնություն ցույց տալ երեխայի ծնունդին հաջորդող քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին քսանչորս ժամվա ընթացքում ցուցաբերած բուժօգնությունը չափազանց կարևոր է հետագա բարդությունների կանխման համար՝ նախքան նեղ մասնագիտական օգնություն տրամադրելու նպատակով երեխային Երևան տեղափոխելը»,- ասված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրությունում:

2008-2013 թթ. ծրագրում ընդգրկվել էին Երևանը, Սյունիքը (Կապան, Գորիս, Սիսիան), Վայոց ձորը (Վայք), Արարատը (Վեդի, Արտաշատ), Գեղարքունիքը (Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ), Տավուշը (Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան), Լոռին (Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ), Շիրակը (Արթիկ, Մարալիկ, Գյումրի):

Մեկնաբանել