«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասկածի տակ է դրել McDonald’s-ի մթերքների որակը

Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ գերատեսչության նովգորոդյան բաժինը խախտումներ է հայտնաբերել արագ սննդի սպասարկման ամերիկյան McDonald’s ցանցի ռեստորաններից երկուսում, որը կասկածի տակ է դնում ամբողջ ցանցի սննդամթերքի որակն ու անվտանգությունը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Պոպովան հայտնել է, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ ռեստորանների սննդամթերքը չի համապատասխանում ոչ անվտանգության պահանջներին, ոչ էլ Էներգետիկ արժեքի ցուցանիշներին: Արդյունքում՝ վարչական խախտումների մասին 11 արձանագրություն է կազմվել:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը չի բացառել, որ նման ստուգումներ կիրականացվեն նաև McDonald’s-ի մյուս ռեստորաններում, այդ թվում՝ Մոսկվայում: Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվում է, և վերջնական որոշում դեռ չի կայացվել:

McDonald’s-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ տեղյակ չեն «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջներից:

Հուլիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ռոսպոտրեբնադզորի» Նովգորոդի բաժինը դատի տվել McDonald’s-ին: Գերատեսչությունը խնդրում է պարտավորեցնել ընկերությանը ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել հաճախորդներին մթերքների սննդային արժեքի վերաբերյալ:

Մեկնաբանել