30 հուլիս, 2014 18:03

Ռուսական պետականությունը՝ դժվարին քննության շեմին

Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները խոսում են ռուսական պետականության ճգնաժամի մասին: Դեռ պարզ չեն մալայզիական ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառներն ու մեղավորները, սակայն ակնհայտ է, որ ողբերգական այդ միջադեպն ավելի է սրել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները։

Մալայզիական ինքնաթիռի միջադեպը համախմբել է Արևմուտքին նոր պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ: Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները և համաձայնել են պատժամիջոցներ կիրառել ֆինանսատնտեսական, էներգետիկ, տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության ոլորտներում։ Ըստ պաշտոնական տվյալների, միայն ռուսական զենքը Եվրոպա ներմուծելն արգելելու արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը մեկ տարվա ընթացքում 3 միլիարդ եվրոյի վնաս կկրի:

Ռուսաստանի տնտեսական համակարգը ունակ չէ երկարաժամկետ դիմակայելու նման ճնշումներին, քանի որ այն օլիգարխիկ է: Օլիգարխիկ համակարգը թույլ չի տա վերափոխել տնտեսությունը և Արևմուտքից ներկրվող ապրանքները արտադրել տեղում:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, իմա՝ Հայաստանի վրա։ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի շուկայից կարող է հանգեցնել տնտեսական աճի ավելի դանդաղման Հայաստանում:

Ռուսաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Երկրի կառավարման համակարգը ունակ չէ արդյունավետ դիմակայել ճնշումներին։

Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը, չունենալով պետական կառավարման արդյունավետ համակարգ, ինչպես նաև ունենալով մեծ կախվածություն արևմտյան շուկաներից, այսօր կանգնել է դժվար խնդիրների առաջ, իսկ Արևմուտքից նոր պատժամիջոցները սպառնում են ավելի խորացնել ռուսական պետականության ճգնաժամը:

Ռուսաստանի խնդիրները՝ 1917-ից

Ռուսաստանի կառավարման համակարգի ներկայիս ճգնաժամի պատճառները պետք է փնտրել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված կառավարման համակարգի հիմքերում:

1917թ. ապրիլին Գերմանիայի կառավարությունը Լենինին գնացքով ուղարկեց Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդիայի կայարան: Մինչ Ֆինլանդիայի կայարան հասնելը Լենինը կազմել էր իր Ապրիլյան թեզերը, որը Բոլշևիկյան կուսակցության ծրագիրն էր: Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում Լենինն իր կողմնակիցների հետ վերցրեց իշխանությունը և սկսեց քայլեր ձեռնարկել Մարքսի գաղափարախոսությունն իրականացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով Ռուսաստանում ձևավորվեց տոտալիտար համակարգ:

Մոտ 70 տարի տոտալիտար ռեժիմն անդառնալի վնասներ հասցրեց ռուսական պետականությանը: Ճիշտ է՝ խորհրդային իշխանությունն այդ տարիների ընթացքում կարողացավ տնտեսական որոշակի աճ ապահովել, սակայն ռեժիմն իր գորյությունը պահպանելու համար գնաց զանգվածային  կալանավայրեր ստեղծելու, ազատությունները սահմանափակելու, ինչպես նաև միլիոնավոր կյանքեր  խլելու ճանապարհով:

Խորհրդային Միության կառավարման համակարգի առանձնահատկություններից էր  տնտեսական ռեսուրսների մոբիլիզացումը՝ թիրախային ոլորտներ զարգացնելու համար․ լինելով տիեզերքը նվաճած առաջին երկիրը՝ Խորհրդային Միությունը չկարողացավ ստեղծել կենցաղը թեթևացնող ամենապարզ ապրանքներ ու ծառայություններ:

Խորհրդային Միության փլուզման պատճառների մասին հիմնավորումները բազմազան են, սակայն ամենագլխավոր պատճառը թերևս համակարգի՝ տնտեսությունը  պլանավորելու փորձն էր, ինչի հետևանքով այն կանգնեց ճգնաժամի առաջ և փլուզվեց, քանի որ տնտեսությունը հնարավոր չէ պլանավորել երկարաժամկետ հեռանկարում:

Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց Ռուսաստանի ժողովրդավարացման գործընթացը: Նախագահ Բորիս Ելցինի օրոք Ռուսաստանը գրանցեց որոշակի առաջընթաց․ Ռուսաստանում սկսված մասնավորեցման գործընթացը և ներքաղաքական բարեփոխումները հույս ներշնչեցին, որ այն կկարողանա շարժվել ժողովրդավարացման ուղիով: Սառը պատերզմի ավարտից հետո բարելավվեցին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, ինչում որոշակի դեր ունեցան նաև Բիլ Քլինթոնի և Բորիս Ելցինի անձնական հարաբերությունները: 1996թ. ռուսական զորքերը միացան ՆԱՏՕ-ի զորքերին՝ Բալկաններում խաղաղապահ գործողություններ իրականացնելու համար: Սա աննախադեպ երևույթ էր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում:

Ռուսաստանի զարգացման պատկերը փոխվեց 2000թ., երբ իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը․  նա պետական վերահսկողության տակ վերցրեց մի քանի խոշոր մասնավոր ձեռնարկություններ և սկսեց ընդլայնել պետական կապիտալիզմը: Խորհրդային Միության ժառանգությունը Պուտինին թույլ տվեց ընդլայնելու կառավարության վերահսկողությունը կյանքի տարբեր ոլորտներում:

Համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացումն ու գրանցված տնտեսական աճը Պուտինը օգտագործեց մարդու իրավունքների սահմանափակումը լեգիտիմացնելու համար։ Ռեժիմը սկսեց նմանվել խորհրդային համակարգին ու կարծրանալ: Որքան կարծրանում էր ավտորիտար համակարգը, այնքան սրվում էին պաշտոնական Մոսկվայի հարաբերությունները Արևմուտքի հետ:  Ռուս-վրացական հնգօրյա պատերազմն ավելի լարեց արդեն լարված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները:

Պուտինի քաղաքականության արդյունքում կոռուպցիան հասավ մեծ չափերի: Ըստ Պետերսոնի Միջազգային տնտեսագիտության ինստիտուտի՝ կաշառակերությունը պետական «Գազպրոմ» ընկերության վրա 2011թ. նստել է 40 մլրդ դոլար: Սա խոսում Ռուսաստանի պետության անարդյունավետության բարձր մակարդակի մասին: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: