Գյուղացիները բողոքել են Ամուլսարի շահագործման դեմ

Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման ծրագրի հենակետ համարվող Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավելի քան 200 բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել «Համաշխարհային բանկի պարտականությունների կատարման գծով խորհրդականի/օմբուդսմենի ապարատին (CAO)»` ուղղված հանքավայրի շահագործման և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցման դեմ, հաղորդում է Ecolur.org կայքը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը հաստատեց համայնքի բնակիչների բողոքի մասին լուրը` նշելով, որ դիմումը ստորագրել է 210 գնդեվազցի:

«Բնակիչների դժգոհություններն ու բողոքները տարբեր բնույթ են կրում, հանքավայրի շահագործման հետ կապված տարբեր խնդիրներ են առաջացել»,- ասաց Հայրապետ Մկրտչյանը` անդրադառնալով համայնքի բնակիչների բողոքի պատճառներին:

Ամուլսարի ոսկու հանքը շահագործում է «Գեոթիմ» ընկերությունը: Վերջինս «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, իսկ «Լիդիան ինթերնեյշնլի» խոշոր բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): «Գեոթիմ» ընկերության մամուլի բաժնում ՍիվիլՆեթին խոստացան առաջիկա ժամերի ընթացքում գյուղացիների բողոքի կապակցությամբ հանդես գալ մեկնաբանությամբ:

Գնդեվազցիների դիմում-բողոքում մասնավորապես ասված է. «Նկատի առնելով ոսկու արդունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա` ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են CAO-ին հետևյալ բողոքով: Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս արձանագրել ենք Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետևանքները.

– մեր գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում,

-անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում,

-Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ կարծիքները չեն արձանագրվում,

-միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող ցիանային հարթակը իր կործանարար ու մահաբեր հետևանքները կունենա թե´ Գնդեվազի շրջակա միջավայրի, և թե´ Գնդեվազի բնակչության վրա:

Մենք` Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատողներս, արդեն իսկ տուժել ենք հանքավայրում աշխատելու ընթացքում` չստանալով համապատասխան բժշկական օգնություն և հետազոտություն:

«Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլիացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երևանում և հանրապետության այլ տարածքներում և կտեղահանվեն:

«Գեոթիմ» կազմակերպությունը իր գործը առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումները իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է և նպատակն ակնհայտ է:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա: Անկախ փորձագետների հավաստմամբ կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:

Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC և EBRD-ի հովանավորչությամբ: «Գեոթիմ» կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում և այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը:

Մենք՝ Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցմանը:

Մենք պահանջում ենք IFC-ից դադարեցնել այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար: Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները»:

Մեկնաբանել