Ռուսաստանը մտադիր է «երկիր-ագրեսորների» ցանկ սահմանել

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները մտադիր են ՌԴ օրենսդրությունում մտցնել նոր եզր՝ «երկիր-ագրեսոր»։ Համաձայն պատրաստվող փոփոխությունների՝ «երկիր-ագրեսոր» է ճանաչվելու պետությունը, որը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ, հուլիսի 29-ին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը։

«Սահմանադրական կարգի հիմքերի պաշտպանության, երկրի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման, Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայի պաշտպանության ու ազգային տնտեսության զարգացման նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը տրվում է իրավունք՝ հաստատելու «երկիր-ագրեսորների» ցանկը»,- ասված է օրինագծին կից բացատրական գրությունում։

Համաձայն օրինագծի՝ «երկիր-ագրեսորի» տարածքում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այդպիսի օտարերկրյա անձանց հետ փոխկապակցված կամ նրանցից կախում ունեցող ռուսական ընկերություններին արգելվելու է Ռուսաստանի տարածքում իրականացնել աուդիտորական, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ։

Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է օրենսդրական նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը, կառավարությունը կունենա իրավունք՝ սեփական հայեցողությամբ՝ հաշվի առնելով բոլոր գործոնները, սահմանելու, թե որ ընկերություններն են ներառվելու պատժամիջոցների ցուցակում։ Սակայն նրա խոսքով՝ այդ ցանկում անխտիր պետք է ներառվեն Ռուսաստանում աշխատող միջազգային վեց հիմնական աուդիտորական և խորհրդատվական ընկերությունները՝ Deloitte-ը, KPMG-ն, Ernst and Young-ը, Boston Consulting Group-ը և McKinsey-ն։

Մեկնաբանել