Մարզահամերգայինը հակադարձում է Հարկադիրին

Լուսանկարում` Մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատու Կորյուր Գրիգորյանը և փաստաբան Արմինե Հակոբյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ներկայացուցիչները հերքում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տարածած հայտարարությունը, թե հուլիսի 30-ին իրականացված գույքագրման վերաբերյալ համալիրի ներկայացուցիչը պատշաճ տեղեկացված է եղել: Այս մասին հուլիսի 31-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Մարզահամերգային համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանը:

«Կատարվել են վտարման անօրինական գործողություններ, հետո նոր կայացվել է վտարման որոշում: ԴԱՀԿ-ի կողմից բազմաթիվ խախտումներ են կատարվել»,- ասաց Արմինե Հակոբյանը` մանրամասնելով, որ ԴԱՀԿ աշխատակիցները գույքի օտարման մասին փաստաթուղթն իրեն ներկայացրել են միայն երեկոյան 19:30-ին, այնինչ համապատասխան աշխատանքները համալիրում մեկնարկել են ժամը 15:00-ին:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունը նաև տեսանյութ էր տարածել, թե ինչպես է Հարկադիրի աշխատակիցը ծանուցում համալիրի փաստաբանին, իսկ վերջինս հրաժարվում է այն ստորագրել: Արմինե Հակոբյանն ընդգծեց, որ ԴԱՀԿ աշխատակիցները, ըստ օրենքի, գաղտնի տեսանկարահանման իրավունք չունեին:

Համալիրի մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը ասուլիսին տեղեկացրեց, որ Մարզահամերգայինի աշխատակիցներն այսօր էլ չեն կարողացել իրենց աշխատասենյակներ մուտք գործել: Նա այսօր էլ շարունակեց պնդել, որ ԴԱՀԿ-ի այս գործողությունները «պետական ռեկետի» արդյունք են:

Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ համալիրի աճուրդի խնդրով իրենք ավելի վաղ դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն դեռ որևէ պատասխան չեն ստացել: Նա նշեց, որ եթե հայաստանյան իրավական դաշտում այս հարցը չլուծվի, իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Համալիրն արդեն հինգ անգամ հարկադիր աճուրդի է հանվել, սակայն դեռ չի վաճառվել: ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ համալիրը աճուրդի է հանվել կառավարության գաղտնի որոշումների հետևանքով։ Կառավարությունը համալիրին 2012թ. գաղտնի որոշմամբ տրամադրած է եղել մոտ 23 մլն դոլարի բյուջետային վարկ՝ գիտակցելով, որ ընկերությունն այն չի կարողանալու մարել։

Մեկնաբանել