Ռադան չի ընդունել Յացենյուկի հրաժարականը

Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 31-ին չի ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը։

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, նրա հրաժարականի օգտին քվեարկել է նիստերի դահլիճում գրանցված 311 ժողովրդական պատգամավորից ընդամենը 16-ը։

Նախքան քվեարկությունը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, որը ներկա է եղել խորհրդարանի նիստին, ժողովրդական պատգամավորներին կոչ էր արել վստահություն հայտնել կառավարությանը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հուլիսի 24-ին հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին՝ պայմանավորված խորհրդարանական կոալիցիայի փլուզմամբ և Գերագույն ռադայի կողմից կառավարության նախաձեռնությունների արգելափակմամբ։ «Այն դեպքում, երբ չկա նոր կոալիցիա, իսկ գործող կոալիցիան խորհրդարանական-նախագահական հանրապետությունում փլուզվել է, կառավարությունը և վարչապետը պարտավոր են հրաժարական տալ»,-պարզաբանել էր իր որոշումը Յացենյուկը։

Հուլիսի 24-ին՝ ավելի վաղ, «ՈՒԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները հայտարարել էին կոալիցիայից դուրս գալու մասին, որպեսզի Ուկրաինայի նախագահին տան ներկա խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու հիմք։

Մեկնաբանել