ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք լուրջ մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս բռնության աճով։ Հրադադարը պետք է հարգվի»,- ասված է Ուորլիքի գրառման մեջ։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը սրվել է։ Հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդեց ադրբեջանական դիվերսիան կանխելու մասին, որի հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել։ Ադրբեջանական կողմը հաղորդում է տասնմեկ զոհի մասին։ Բացի այդ՝ հուլիսի 31-ին՝ ժամը մոտ 19:00-ից սկսած՝ ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ և Բարեկամավան գյուղերը։ Ավելի վաղ հրետակոծվել էին Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը:
ԵԱՀԿ-ն շփման գծում օգոստոսի 1-ին դիտարկում է անցկացրել, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցել է առանց միջադեպերի: