Նոր բախումներ շփման գծում, զոհեր

Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: Թեժ դիմակայության ընթացքում զոհվել է ՊԲ զինծառայող, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:

«Արևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ»,- հաղորդել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը՝ թվարկելով առգրավված զենքի տեսակները:

Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:

Իր հերթին ադրբեջանական կողմը հաղորդում է չորս զոհերի մասին: Ադրբեջանական APA լրատվական կայքը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը չորս զոհ է ունեցել՝ «Աղդամի ուղղությամբ հայկական դիվերսիոն հարձակումը հետ մղելիս»:

«Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների սխրանքի արդյունքում հակառակորդի՝ շփման գիծը հատելու փորձը վճռականորեն կանխվել է, սակայն ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր՝ չորս հոգի»,- գրել է կայքը՝ նշելով զոհվածների անունները:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը սրվել է։ Հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր ադրբեջանական դիվերսիան կանխելու մասին, որի հետևանքով երկու հայ զինծառայող էր զոհվել։ Ադրբեջանական կողմը հաղորդել էր տասնմեկ զոհի մասին։

Մեկնաբանել