Տավուշի գյուղերը կրկին գնդակոծվել են

Օգոստոսի 1-ի առավոտյան, ժամը 5-ից մինչև 6-ն անց 30-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բարեկամավան գյուղը, հաղորդում է Տավուշի մարզի Տեսանկյուն լրատվական կայքը : Այդ մասին հայտնելով՝ Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ գյուղից երեխաներ են տարհանվել: Օգոստոսի 2-ի առավոտյան, ժամը 5-ից մինչև 8-ը գնդակոծվել է Դովեղ գյուղը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասել է, որ երեկ երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից վնասվել են գյուղի տների պատեր, դարպասներ և այլն:

«Գնդակներից մեկն ընկել է դովեղցի Կարեն Վարդանյանի տուն, մի այլ գնդակ խոցել է նրա տան դարպասը: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանից տեղեկացանք, որ հուլիսի 31-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ոսկեպարում նյութական մեծ վնասներ չկան: Գնդակները մտել են մարդկանց տներ,խոցել դարպասներ: Ոսկեպարի ներքևի թաղում վնասվել են էլեկտրական հոսանքի գծեր, որոնք էլցանցի կողմից վերականգնվում են: Սահմանագծով անցնող Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը ներկայում փակված է, երթևեկը կատարվում է շրջանցիկ՝ Հարսնաքարի ճանապարհով»,- հաղորդում է «Տեսանկյուն» կայքը:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: Թեժ դիմակայության ընթացքում զոհվել է ՊԲ զինծառայող, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: Իր հերթին ադրբեջանական կողմը հաղորդում է չորս զոհերի մասին: Ադրբեջանական APA լրատվական կայքը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը չորս զոհ է ունեցել՝ «Աղդամի ուղղությամբ հայկական դիվերսիոն հարձակումը հետ մղելիս»:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը սրվել է։ Հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր ադրբեջանական դիվերսիան կանխելու մասին, որի հետևանքով երկու հայ զինծառայող էր զոհվել։ Ադրբեջանական կողմը հաղորդել էր տասնմեկ զոհի մասին։

Մեկնաբանել