3 օգոստոս, 2014 11:10

Պատերազմի հավանականության մասին

Վերջին շրջանում սահմանում լարվածության աճի և Ադրբեջանի կողմից հաճախակի հարձակումների պատճառով պատերազմի վերսկսման թեման ամենաքննարկվողն է դարձել Հայաստանում։ Եթե իրավիճակը փորձենք դիտարկել միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ պատերազմի հավանականությունը քիչ է, քանի որ ուժերի հավասարակշռությունն այնքան չի խախտվել, որ հանգեցնի պատերազմի։

Ուժերի հավասարակշռություն ասելով հասկանում ենք նաև միջազգային դերակատարների միջև հավասարակշռությունը։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Իրանի, Թուրքիայի միջև մրցակցությունը և նրանց միջև ձևավորվող կոալիցիաները պահում են կողմերի միջև հավասարակշռությունը, որը ևս ազդում է պատերազմի վերսկսման հավանականության վրա։ Այս պահին այդ հավասարակշռությունը չի խախտվել։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիներին որոշակի չափով ռազմական տեխնիկայի առումով այդ հավասարակշռությունը խախտվել է, սակայն կողմերի միջև այն ամբողջությամբ չի խախտվել։ Այս պահին Ադրբեջանը չունի ամբողջական առավելություն, որպեսզի կարողանա հնարավոր պատերազմի դեպքում հաղթանակ տանել։ Նման առավելության դեպքում Ադրբեջանը միանշանակ լայնամասշտաբ պատերազմ կսկսեր։

Վերջին օրերի գործողությունները նաև հաստատում են, որ ադրբեջանական զորքը, ունենալով ռազմատեխնիկական առավելություն, չի կարողանում առաջին գծի վրա հարձակումների ժամանակ առավելության հասնել։ Սա խոսում է այն մասին, որ կազմակերպչական առումով ադրբեջանական բանակը զիջում է հայկական բանակին։ Դրա մասին է խոսում նաև զոհերի հարաբերակցությունը։ Պատերազմի փորձը և սահմանային միջադեպերի արդյունքները հուշում են Ադրբեջանին պատերազմի վերսկսման արդյունքների մասին։

Ադրբեջանի կառավարման մոդելը ևս հուշում է, որ Ալիևը հետաքրքրված չէ վերսկսել պատերազմը։ Քանի որ շատ դեպքերում պատերազմը անվերահսկելի գործընթացի է վերածվում, Ալիևը կարող է կորցնել իշխանությունը, իսկ դա շատ հիմնավոր պատճառ է, որպեսզի նա պատերազմ վերսկսելու որոշում չկայացնի։

Հայաստանը ևս հետաքրքրված չէ պատերազմով։ Հայաստանը հաղթանակ է տարել և ցանկություն ունի առնվազն պահպանել ստատուս քվոն։ Պատերազմի դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր առավելությունը։

Հաշվի առնելով պատերազմ սկսելու կարևոր գործոնները՝ կարելի է եզրահանգել, որ այս պահին պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է։ Կողմերից ոչ մեկը չունի միանշանակ առավելություն պատերազմ սկսելու համար, իսկ այդ ամենը նրանց զերծ է պահելու նման որոշումից։  

Պետք է հաշվի առնել նաև՝ ինչ-որ երևույթի մասին շատ ինֆորմացիան մարդու ուղեղում պատրանք է ստեղծում, որ այդ երևույթի իրականություն դառնալը ավելի հավանական է։ Դա է նաև պատճառը, որ ամեն անգամ, երբ սահմանային միջադեպերի քանակը շատանում է, պատերազմի վերսկսում կանխատեսողները ևս շատանում են, սակայն 20 տարիների փորձը ցույց է տվել, որ պատերազմ չի սկսվել։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: