Պաշտոնական Բաքուն պատասխանեց Երևանին

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել շփման գծում վերջին օրերի լարվածության աճի առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խմբերը բազմիցս փորձել են հատել շփման գիծը: Հայկական կողմի այդ սադրիչ գործողությունները հանգեցրել են շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի և մարդկային մեծ կորուստների: Ստեղծված վտանգավոր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի վրա, որը կարգարդրել է կազմակերպել այդ սադրիչ գործողությունները»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Պաշտոոնական Բաքուն նշում է, որ «նման սադրիչ քայլերը, որոնք վնասում են խաղաղ գործընթացին, հիմք են տալիս, որ միջազգային հանրությունը լուրջ պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ»:

Օգոստոսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանը, լինելով սադրանքների նախաձեռնողը և հրահրողը, փորձում է դրանց պատասխանատվությունը բարդել մյուս կողմերի վրա»:

«Ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը: Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- ասել էր Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանականին զգուշացրել էր, որ «առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները»:

Մեկնաբանել