4 օգոստոս, 2014 18:06

Թուրքական մամուլի անդրադարձը հայ-ադրբեջանական հակամարտությանը

Պաշտոնական Անկարան շարունակում է արձագանքել հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներին: Թուրքական մամուլը ևս ակտիվորեն մեկնաբանում է սահմանային միջադեպերը:

Թուրքական Haberturk-ը, վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին և ցավակցություններ հայտնել «եղբայրական Ադրբեջանի ժողովրդին` զինվորների մահվան կապակցությամբ»:

Թուրքիայի արտգործնախարարությունը` նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից զատ, հանդես է եկել նաև առանձին հաղորդագրությամբ: Վերջինում ասված է. «Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Ադրբեջանին պատկանող և գրավման տակ գտնվող տարածքների շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին, որոնք մեծաթիվ զոհեր են խլել: Բախումների ընթացքում զոհված ադրբեջանցի մեր եղբայրների հոգիներին հանգստություն, իսկ նրանց ընտանիքներին և եղբայրական Ադրբեջանի ժողովրդին ցավակցություններ ենք հայտնում»:

Թուրքական մամուլը մեծամասամբ ադրբեջանական մամուլի ազդեցության տիրույթում է և սնվում է գերազանցապես ադրբեջանական աղբյուրներից: Բացի այդ, այս օրերին Թուրքիայում բավական ակտիվ գործունեություն է ծավալում ադրբեջանական լոբբին:

Թուրքիայի լրատվամիջոցներում արագորեն տարածվեց իրականությունը չհամապատասխանող այն տեղեկությունը, թե հայկական կողմը մեծաթիվ զոհեր է կրել: Այսպես, Zaman-ը ծանուցում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին երկու օրերին Ադրբեջանի հետ բախումների ընթացքում զոհվել է 20, վիրավորվել` 26 զինվոր: Այդ իսկ պատճառով Հայաստանը Ադրբեջանի հետ լարվածությունը մեղմացնելու նպատակով հրաժարվել է ուժի կիրառումից»:

Ակտիվացել են նաև վերջին տարիներին Կարսում հաստատված ադրբեջանցիները, որոնց կազմակերպությունները բարձրաձայնում են «գրավված ադրբեջանական տարածքները» հետ վերադարձնելու հարցի մասին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Կարսի մզկիթներից մեկում ուրբաթօրյա աղոթք է ընթերցվել` զոհված ադրբեջանցիների հիշատակին:

Սոցիալական ցանցերում` թեմայի վերաբերյալ լուրերի մեկնաբանություններում, թուրք օգտատերերը տարակուսանք են հայտնում ադրբեջանցի զինվորների մարտական պատրաստվածության վերաբերյալ և երբեմն վիրավորական արտահայտություններ թույլ տալիս ադրբեջանցի զինվորների հասցեին՝ հայկական ուժերին հավուր պատշաճի դիմադրություն ցույց չտալու համար: