ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն օգոստոսի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի կապակցությամբ:

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում, որը տրամադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ասված է. «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար»:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից:

Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Մեկնաբանել