5 օգոստոս, 2014 16:07

Եռամսյա կալանք՝ ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսին

Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսը, հաղորդում է contact.az-ը: Նրան ձերբակալել են, երբ տեսակցության է գնացել իր կնոջը՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին, որը ևս ձերբակալված է:  

Արիֆ Յունուսին ոստիկանությունից տեղափոխել են Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննության վարչություն: Ավելի ուշ դատարանը փոխել է նրա նկատմամբ սահմանված խափանման նախնական միջոցը՝ այն սահմանելով եռամսյա կալանք: Դատարանն իր որոշումը պայմանավորում է Յունուսի կողմից քրեաընթացակարգային օրենսդրության պահանջների խախտմամբ: 

Յունուս ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 30-ին: Մասնավորապես՝ Լեյլա Յունուսին առաջադրվել էր պետական դավաճանության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խոշոր չափի խարդախության և ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեղադրանքներ: Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման նախնական միջոց է ընտրել եռամսյա կալանքը: Արիֆ Յունուսին, որի խափանման միջոց էր ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը, ներակայացվել է պետական դավաճանության և խոշոր չափի խարդախության մեղադրանք:

Ապրիլի վերջին Յունուսին հարցաքննել էին «Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի գործով: Վերջինս  ևս մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Դեռ այդ ժամանակ Յունուս ամուսիններից հարցաքննության ընթացքում առգրավվել էին նրանց անձնագրերը, որոնք մինչ այժմ չեն վերադարձվել:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Յունուսի դեմ մեղադրանքը հորինված է համարում: