5 օգոստոս, 2014 17:38

Ռուսալեզուներին ՌԴ քաղաքացիության տրամադրումը պարզեցվեց

Ռուսալեզու օտարերկրացիներն այժմ կարող են ստանալ մեկ տարի ժամկետով հատուկ վիզա՝ Ռուսաստան մուտքի և ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով։ Համապատասխան կարգադրությունը օգոստոսի 5-ին տեղադրված է Ռուսաստանի կառավարության կայքում։

Ավելի վաղ հաստատվել էին Ռուսաստանի օրենսդրության փոփոխությունները ռուսաց լեզվի կրողներին ՌԴ քաղաքացիության շնորհման կարգի պարզեցման մասին։ Փոփոխությունները ենթադրում են, օրինակ, այդ կատեգորիայի անձանց համար քաղաքացիություն ստանալու ժամկետների կրճատում, կեցության իրավունքի ձևակերպման հնարավորություն՝ առանց բնակության ժամանակավոր թույլտվության ստացման։ Փոփոխություններում հաստատվել էր ռուսալեզու օտարերկրացների համար Ռուսաստան մուտքի վիզայի նոր տեսակ՝ «սովորական» վիզա՝ մեկ տարի ժամկետով։

Ռուսաստանի կառավարության նոր կարգադրությունը լրացնում է «Վիզայի ձևի, դրա ձևակերպման և տրամադրման կարգի ու պայմանների հաստատման մասին դրույթը» վիզայի նոր տեսակով՝ տեխնիկապես համապատասխանեցնելով այդ դրույթը փոփոխություններին, որոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր 2014թ․ ապրիլին։ Այս փաստաթուղթը փաստացի ստեղծում է հնարավորություն՝ տրամադրելու Ռուսաստան մուտքի «սովորական» վիզաներ ռուսալեզու օտարերկրացիներին, որոնք ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ։

«Մտցվում է վիզայի նոր տեսակ՝ սովորական վիզա՝ Ռուսաստան մուտքի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու նպատակով։ Այս վիզան տրվում է օտարերկրացի քաղաքացուն՝ մեկ տարի ժամկետով՝ նրան ռուսաց լեզվի կրող ճանաչելու մասին որոշման հիման վրա»,- ասված է փաստաթղթին կից բացատրությունում։

Ռուսալեզու օտարերկրացին ՌԴ քաղաքացիություն ստանալիս պետք է հրաժարվի իր պետության քաղաքացիությունից և մշտական բնակություն հաստատի Ռուսաստանում։ Եթե երկու տարվա ընթացքում նա ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմում չի ներկայացնում, նրա կեցության իրավունքը անվավեր է ճանաչվում։