5 օգոստոս, 2014 16:36

Օհանյանն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են շփման գծում լարվածությունը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը օգոստոսի 5-ին քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի դեսպանության տարածած համատեղ մամուլի հաղորդագրությունում նշված է, որ Սեյրան Օհանյանն ու Իվան Վոլինկինն իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել է  հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը: 
«Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում:

Օգոստոսի 4-ին Սեյրան Օհանյանը շփման գծում տիրող լարված իրադրությունը քննարկել էր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է: Հակառակորդի մի քանի դիվերսիաների արդյունքում, ըստ ԼՂ պաշտպանության բանակի, զոհվել է 25 ադրբեջանցի զինվորական, հայկական կողմը տվել է հինգ զոհ: