Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել

Օգոստոսի 5-ին Վրաստանի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, հաղորդում է civil.ge-ն:

Մեղադրանքը առնչվում է նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի դեմ հարձակմանը, որին 2005թ. դաժան ծեծի էին ենթարկել Թբիլիսիում դիմակավորված մարդիկ:

Սաակաշվիլին մեղադրվում է այդ հարձակումը կազմակերպելու մեջ:
Դատախազության հայտարարության համաձայն՝ նույն գործի շրջանակում մեղադրանք կառաջադրվի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի դեմ:

Դատախազության հետաքննության համաձայն՝ «Հանրապետական կուսակցության» նախկին անդամի դեմ հարձակումը վրեժ է 2005թ. հունիսին թերթում տպագրված նրա հարցազրույցի համար, որում Գելաշվիլին Սաակաշվիլիին մեղադրում է իր գույքը յուրացնելու մեջ և «վիրավորական տոնով է խոսում նրա անձնական կյանքի մասին»:

Այդ հոդվածի տպագրությունից հետո Սաակաշվիլին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին հանձնարարել է «մաքրել հաշիվները»: Ըստ դատախազության՝ այն բանից հետո, երբ Օկրուաշվիլին հրաժարվել է կատարել հանձնարարությունը, Սաակաշվիլին «գործը» հանձնարարել է Մերաբիշվիլիին:

Հուլիսի վերջին գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ութհատորանոց քրեական գործի շրջանակում նախկին նախագահը մեղադրվում է 2007թ. նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու և Արկադի Պատարկացիշվիլիի ունեցվածքին, մասնավորապես «Իմեդի» հեռուստաալիքին, Ռուսթավիի մետաղագործական գործարանին և Մտածմինդյան զբոսայգուն անօրինական կերպով տնօրինման մեջ: Այդ մեղադրանքներով նրան սպառնում է 5-8 տարի ազատազրկում:

Մեկնաբանել