8 օգոստոս, 2014 12:12

Ինչպես կանխել պատերազմը

Պատերազմը ավերիչ հատկություն ունի, և մարդկության պատմության ընթացքում պետությունները տարբեր տեսակի քայլեր են ձեռնարկել պատերազմից խուսափելու համար։ Խաղաղության կառուցման փորձերը հաճախ ձախողվել են, քանի որ քաղաքական գործիչները և հանրությունները ճիշտ չեն կարողացել գնահատել պատերազմի բուն պատճառները:  

Պատերազմի պատճառների մասին բազմաթիվ գործոններ կարելի է նշել, սակայն ամենակարևոր երեքն են՝ մարդու բնույթը, պետության կառուցվածքը և միջազգային հարաբերությունների կառուցվածքը։

Մարդու բնույթը կարևոր դեր է խաղում պատերազմի սկսման որոշումներ կայացնելու համար, սակայն բնույթը շատ դեպքերում երկրորդական է դառնում, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ են լինում: Նման սահմանափակում կարող է լինել պետության կառուցվածքը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների կառուցվածքը և վերջինիս շրջանակում ուժերի հավասարակշռությունը: Օրինակ՝ Ադրբեջանը միանշանակ ցանկություն ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանա վերագրավել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի կառավարման համակարգը և Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունը թույլ չեն տալիս նման որոշում կայացնել։

Պետության կառուցվածքը ևս կարևոր գործոն է պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար։ Մարդկության պատմության ընթացքում կառավարման բոլոր համակարգերն էլ գնացել են պատերազմի: Չկա կառավարման համակարգ, որը բացառի պատերազմը։ Այդ առումով որոշ առաջընթաց կատարել են ժողովրդավարական կառավարման մոդելները, որովհետև հավանականությունը քիչ է, որ երկու ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներ միմյանց դեմ պատերազմելու որոշում կայացնեն: Սակայն դա չի նշանակում, որ ժողովրդավար պետությունները չեն գնա պատերազմի: ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք պետությունների փորձը հաստատում է, որ ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են։

Պատերազմ սկսելու հաջորդ կարևոր գործոն է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը։ Անարխիկ կառուցվածքի պայմաններում պատերազմի զսպող գործոնը ուժերի հավասարակշռությունն է: Հաճախ այդ հավասարակշռության խախտումը հանգեցնում է պատերազմի։ Էմանուել Կանտը գտնում էր, որ անարխիկ կառուցվածքը փոխելու համար անհրաժեշտ է համաշխարհային պետություն ստեղծել, որն էլ կբացառի պատերազմը: Իրականում համաշխարհային պետության գաղափարը անիրականանալի է: Այդ իսկ պատճառով հավասարակշռությունն է պատերազմի կանխման կարևոր գործոնը:

Հետաքրքիր օրինակ է Սառը պատերազմը: Ուժերի հավասարակշռությամբ և ատոմային զենքի առկայությամբ Սառը պատերազմը այդպես էլ մնաց սառը և չվերածվեց երրորդ համաշխարհային պատերազմի:

Եթե մարդու բնույթն ու մոտեցումներն պատերազմի մասին հնարավոր լինի փոխել, ամբողջ աշխարհի պետությունները ժողովրդավարական դարձնելը գրեթե անհնարին կլինի մոտ ապագայում: Բացի այդ, անհնար է փոխել միջազգային հարաբերությունների կառուցվածքը։ Վերը նշվածը նշանակում է, որ պատերազմներ բացառելը դժվար կլինի, սակայն հնարավոր կլինի խուսափել, եթե ուժերի հավասարակշռություն լինի հակամարտող կողմերի միջև:

Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը ուժերի հավասարակշռության պահպանումն է: Եթե կողմերից մեկը դիմում է քայլերի, որպեսզի խախտի հավասարակշռությունը, ապա մյուս կողմը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի վերականգնի հավասարակշռությունը: Իսկ դա հաճախ նշանակում է պատրաստվել պատերազմի: Դա է պատճառը, որ պատմության ընթացքում պատերազմին պատրաստվողները ավելի շատ են խաղաղություն բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները:

Հ.Գ. Պատերազմին պատրաստվելը չի նշանակում հարձակվել, այլ՝ ստեղծել պաշտպանական այնպիսի համակարգ, որը հակառակորդին թույլ չի տա պատերազմ սկսել։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: