Էրդողանը Economist-ի թղթակցին «անամոթ» է անվանել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 7-ին հարավային Թուրքիայի Մալաթիա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ հանդես է եկել թուրք հայտնի լրագրող, թուրքական Taraf թերթի սյունակագիր, Թուրքիայում բրիտանական Economist հանդեսի թղթակից Ամբերին Զամանի խիստ քննադատությամբ։ Ինչպես հաղորդում է թուրքական Today’s Zaman պարբերականը, Էրդողանը լրագրողին անվանել է «անամոթ» և «ռազմատենչ»՝ մեղադրելով նրան մուսուլմաններին և իր ընտրազանգվածին «վիրավորելու» մեջ։

Թեև Թուրքիայի վարչապետն իր խոսքում որևէ անուն չի նշել, նա նկատի է ունեցել Ամբերին Զամանին, որի հայրը Բանգլադեշից է, իսկ մայրը՝ թուրք։ Օգոստոսի 6-ին CNN Turk-ի «Ինչ է լինելու» հաղորդման շրջանակում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել էր, որ ժողովուրդը էթիկական փոփոխությունների կարիք ունի, Ամբերին Զամանն էլ հարցադրում էր արել՝ ասելով՝ տարօրինակ չէ՞ մուսուլմանական երկրում այդպիսի բան ակնկալելը։

Էրդողանը բացահայտ թիրախ է դարձրել լրագրողին Մալաթիայում՝ անվանելով նրան «անամոթ ռազմատենչ կին՝ քողարկված լրագրողի անվան տակ»։

«Սահմա՛նդ իմացիր, անամո՛թ կին,- ասել է Թուրքիայի վարչապետը։ – Ձեռքդ գրիչ են տվել, և դու սյունակ ես գրում թերթում։ Ապա քեզ հրավիրում են հեռուստաալիք, որը պատկանում է «Դողան» մեդիախմբին, և դու վիրավորում ես մուսուլման հասարակության 99%-ին»։ «Դողանը» Թուրքիայի խոշորագույն մեդիահոլդինգն է, և նրա սեփականատեր Այդին Դողանը հաճախ տարակարծիք է Էրդողանի հետ։

Economist-ն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ամբերին Զամանի, որը Թուրքիայում բրիտանական պարբերականի թղթակիցն է արդեն 15 տարի և ինչպես հայտարարությունում է նշված, մեծ հարգանք է վայելում։

«Մենք վճռականորեն սատարում ենք նրան»,- ասված է Economist-ի հայտարարությունում։ Պարբերականը նշել է նաև, որ լրագրողների ահաբեկումը ժողովրդավարական հասարակությունում տեղ չունի։

«Պարոն Էրդողանի օրոք Թուրքիան ավելի ու ավելի դժվար վայր է դարձել անկախ լրագրության համար»։

Մեկնաբանել