Փոստանջյանը ՀՀ կառավարությանն առաջակում է օգնել Իրաքի եզդիներին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օգոստոսի 8-ին դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը` Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկով:

Դիմումում մասնավորապես ասված է. «Իրաքում շուրջ 200 000 եզդիներ կանգնած են ոչնչացման վտանզի առջև։ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումից հետո Շանգալ մարզի եզդի բնակչությունը տեղահանվել է և այս պահին 70 000 եզդիներ շրջափակված են մնում Շանգալի լեռներում և նրանց համար անհասանելի է ջուրն ու սննդամթերքը։

Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության՝ կան սովից մահացածներ, իսկ 3000-ից ավելի եզդիներ սպանվել են ահաբեկիչների կողմից: Այս պահին անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ կառավարությունը իր հնարավորության սահմաններում օգնություն ուղարկի փախստական եզդիներին։ Նաև, եթե կան միջոցներ, ընդունել փախստական կանանց և երեխաներին, որոնց կացարանների հարցը հնարավոր կլինի լուծել եզդի համայնքի հետ համատեղ։

Միևնույն ժամանակ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային հարթակներում պետք է բարձրացնի Իրաքի եզդիների խնդիրը, ինչպես նաև դատապարտվի եզդիների նկատմամբ իրականացվող վայրագ գործողությունները»։

Իսլամիստ արմատական զինյալների՝ օգոստոսի սկզբին Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի գրոհումից հետո տեղի եզդի փոքրամասնության (որը քաղաքն իր հայրենիքն է համարում) անդամները, վախենալով կորցնել կյանքը, ստիպված են եղել փախչել շրջակա սարերը։

Ինչպես հաղորդում է CNN-ը, ներկայում լինելով զուրկ սննդից, ջրից և բուժօգնությունից՝ հազարավոր ընտանիքներ օգնության խիստ կարիք ունեն։

Օգնության կոչ են հնչեցրել նաև Հայաստանի եզդիները․ օգոստոսի 6-ին եզդիների համայնքը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով ձեռք մեկնել Իրաքում բնակվող իրենց հայրենակիցներին։

Օգոստոսի 7-ին էլ մի քանի տասնյակ եզդիներ հավաքվել են Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Նրանք պարզել են պաստառներ՝ «Փրկենք իրաքաբնակ եզդիներին ցեղասպանությունից», «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» և այլ գրություններով։

Իրաքի եզդիներին սպառնացող վտանգի մասին ՍիվիլՆեթի հետ զրուցել էր արևելագետ Վարդան Ոսկանյանը: Հարցազրույցը` այստեղ:

Մեկնաբանել