Այգեպարի հրդեհված տների բնակիչները նոր բնակարաններ ունեն

«Հայաստան համահայկական հիմնադրամը» որոշում է կայացրել Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակարաններ հատկացնել ադրբեջանական գնդակոծության հետևանքով օգոստոսի 10-ին հրդեհված` նույն գյուղի երկու տների բնակիչներին: ՍիվիլՆեթի հետ զրույցում հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ բնակարաններն ընտրելու են այրված տների բնակիչները` տեղական իշխանությունների հետ համատեղ: Հիմնադրամը միջոցներ կհատկացնի այրված տների բնակտարածքին համարժեք մակերեսով բնակարանների ձեռքբերման և կահավորման համար:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ բնակիչներն արդեն ընտրել են երեքսենյականոց բնակարաններ և այսօր իսկ (օգոստոսի 12) կտեղափոխվեն այնտեղ: Գյուղապետի խոսքով` ընտանիքներից մեկը, որ բացակայում էր երկրից, այսօր Այգեպար կվերադառնա:

Oգոստոսի լույս 10-ի գիշերը հակառակորդի բացած կրակից հրդեհ էր բռնկվել այգեպարցի Գևորգյանների և Վարդազարյանների տներում: Գյուղի բնակիչների վկայությամբ` ոչնչով չէր հաջողվել օգնել վերջիններիս, և տներն ամբողջությամբ մոխիր էին դարձել:

Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական:

Մեկնաբանել