Խախտումներ` «Ալեքս Գրիգ»-ում

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունում:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ: Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500 կգ հումք:

«Այսինքն, ստացվում է, որ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500 կգ շաքարավազի հարկային հաշիվ, սակայն փաստացի առաքել էր 5500 կգ, որից 3000 կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ: Մեկ այլ դեպքով էլ` օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումներով Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 1 հասցեում զննման էր ենթարկվել անհատ ձեռնարկատեր Սարգիս Աղումյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում, առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի հայտնաբերվել էր վաճառքի ենթակա ավելի քան 1 միլիոն դրամ արժողությամբ մսամթերք: Երկու դեպքով էլ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար»,- ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն (2013թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ)` շաքարավազի շուկայի 99,8%-ը կենտրոնացված է «Ալեքս Գրիգ» ընկերության ձեռքում:

Մեկնաբանել