$5 մլն-ի վատնման մեղադրանք՝ Սաակաշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրյալ է դարձել ևս մեկ քրեական գործով, օգոստոսի 13-ին տեղեկացրել են երկրի Գլխավոր դատախազությունում։ Ինչպես հաղորդում է վրացական Civil.ge-ն, նա մեղադրվում է 8,83 մլն լարիի ($5 մլն) բյուջտային միջոցների վատնման մեջ։

Համաձայն այս նոր մեղադրանքների՝ Պետական պահպանության հատուկ ծառայության համար պետբյուջեից հատկացված միջոցները Վրաստանի նախկին նախագահը, ենթադրաբար, ծախսել է անձնական նպատակներով, մերձավորների, ընկերների և ընտանիքի անդամների համար։

Սաակաշվիլիի հասցեին այսպիսի մեղադրանքներ առաջին անգամ հնչել էին 2013թ․ գարնանը, երբ նախկինում գաղտնի փաստաթղթերի վրայից հանվել էր գաղտնիության կնիքը, և դրանք հրապարակվել էին։ Դրանցում եղել էին փաստաթղթեր Պետական պահպանության հատուկ ծառայության ծախսերի վերաբերյալ, տարբեր հյուրանոցներից անդորագրեր և հաշիվ-ապրանքագրեր։

Գլխավոր դատախազությունը օգոստոսի 13-ին տեղեկացրել է, որ քննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, որը վերաբերում է խոշոր չափով բյուջետային միջոցների վատնմանը և նախատեսում է 7-11 տարի ազատազրկում։

Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ նույն գործով մեղադրանք է առաջադրվելու նաև Պետական պահպանության հատուկ ծառայության նախկին պետ Թեմուր Ջանաշիային։

Սաակաշվիլին Վրաստանում 2013թ. նախագահական ընտրություններից հետո մեկնել է ԱՄՆ։ Ներկայում Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավունքի Ֆլեթչերի դպրոցում զբաղեցնում է «պետական բարձրաստիճան ծառայողի պաշտոն, որը հատուկ ստեղծվել է նրա համար»:

Հուլիսի վերջին գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ութհատորանոց քրեական գործի շրջանակում նախկին նախագահը մեղադրվում է 2007թ. նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու և Արկադի Պատարկացիշվիլիի ունեցվածքի, մասնավորապես` «Իմեդի» հեռուստաալիքի, Ռուսթավիի մետաղագործական գործարանի և Մտածմինդյան զբոսայգու անօրինական կերպով տնօրինման մեջ։ Այդ մեղադրանքներով նրան սպառնում է 5-8 տարի ազատազրկում:

Օգոստոսի 5-ին Սաակաշվիլիին ևս մեկ մեղադրանք էր ներկայացվել՝ 2005թ. նախկին ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի կազմակերպման մեջ։

Մեկնաբանել