15 օգոստոս, 2014 16:13

Երկաթուղին ամառային հանգիստ է կազմակերպել Չինարիի երեխաների համար

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` 16 օր Չինարիի փոքրիկները կանցկացնեն Լոռիի «Գուգարք» մանկական ճամբարում:

«Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ և ծրագրեր, դասընթացներ, ինչը թույլ կտա նրանց հաղթահարել գյուղի գնդակոծման ժամանակ ապրած սթրեսը: Բոլոր ծախսերի մասին հոգացել է «Հարավկովկասյան երկաթուղու» արհմիությունը՝ ընկերությունում ընդունված սոցիալական ծրագրի շրջանակում»,- ասված է ՀԿԵ-ի հաղորդագրությունում:

Վերջին երկու շաբաթներին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել էր: Սաստկացել էր նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Չինարիի, Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։