15 օգոստոս, 2014 16:54

Լևոն Հայրապետյանի կալանքը մնաց անփոփոխ

Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին, որը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ, հաղորդում է ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։

«Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ Բասմանյան դատարանի որոշումը թողնել անփոփոխ, պաշտպանության բողոքը՝ առանց բավարարման»,- ասված է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման մեջ։

Օգոստոսի 15-ի նիստից հետո հայազգի գործարարի փաստաբան Գենրի Ռեզնիկը դատարանի որոշումն անվանել է «անթույլատրելի»։ Պաշտպանը նաև դատարանի ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ Հայրապետյանի առողջությունը նրան թույլ չի տալիս գտնվել քննչական մեկուսարանում։ Մասնավորապես՝ նա ունի քաղցկեղ, մի շարք այլ լուրջ հիվանդություններ։ Գործարարն ավելի վաղ հրաժարվել էր նիստին մասնակցությունից, սակայն դատարանը որոշել էր, որ գործընթացը չի կարող ընթանալ առանց Հայրապետյանի. նա վերջին դատական նիստներին մասնակցել է տեսակապի միջոցով։

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Քրեական գործի շրջանակում դատարանի կողմից կալանքի տակ է դրվել ռուսական «Բաշնեֆտ» ընկերությունում գործարարի բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին։

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Հայրապետյանը չէր համաձայնել տվյալ որոշման հետ և այն բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում։

Գործարարի ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները․ վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար։ Հայրապետյանը իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։

Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ։ Ներկայում համարվում է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը։