Հայաստանի ԱԳՆ-ն կիսում է եզդիների վրդովմունքը

Արտաքին գործերի նախարարությունը կիսում է Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը Իրաքում տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ. այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով «Արմինֆո» գործակալության հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն մեկնաբանում Իրաքում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները։

«Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականցվող բռնությունները»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Տիգրան Բալայանն ընդգծել է, որ Հայաստանը համերաշխ է միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։

«ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարկանններ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ»,- հավելել է Բալայանը:

Իսլամիստ արմատական զինյալների՝ օգոստոսի սկզբին Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի գրավումից հետո տեղի եզդի փոքրամասնության (որը քաղաքն իր հայրենիքն է համարում) անդամները, վախենալով կորցնել կյանքը, ստիպված են եղել փախչել շրջակա սարերը։ Ներկայում լինելով զուրկ սննդից, ջրից և բուժօգնությունից՝ հազարավոր ընտանիքներ օգնության խիստ կարիք ունեն։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանի եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին օգոստոսի 11-ին խոստացել էր միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնություններինվերջ դնելու անհրաժեշտության մասին:

Օգոստոսի 13-ին Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ բաց նամակ էին հղել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան Զոհրապ Մնացականյանին՝ կոչ անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրաձայնել Իրաքի եզդիների խնդրի մասին։

Օգոստոսի 14-ին Հայաստանի եզդիները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև: Նրանք բողոքում էին Իրաքում եզդիների կոտորածի դեմ և պահանջում հումանիտար օգնություն ցուցաբերել տուժածներին:

Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ որոշում է կայացրել Իրաքի եզդիներին 50 հազ․դոլարի օգնություն հատկացնելու մասին։

Իրաքի եզդիներին սպառնացող վտանգի մասին ՍիվիլՆեթը զրուցել է արևելագետ Վարդան Ոսկանյանի և «Սինջար» եզդիական ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազիի հետ։

Մեկնաբանել