ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 15-ին հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:

ՊՆ տարածած հաղոդագրության համաձայն` հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:

Վերոնշյալ այցի շրջանակում արծարծվել են նաև 2015-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:

Օգոստոսի 16-ին այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի մասնակցությունը ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Մեկնաբանել