16 օգոստոս, 2014 12:15

Անիում հայ մասնագետներ կլինեն

Հայաստանցի մասնագետներն այսուհետ կմասնակցեն Անիում ընթացող վերականգնման աշխատանքներին: Ըստ Պոլսում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի տեղեկությունների` միջնադարյան ճարտարապետության հայ մասնագետները երկար ժամանակ է, ինչ ցանկություն են հայտնում մասնակցել ընթացող աշխատանքներին:

Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ, մասնավորապես` Anadolu Kultur-ը, հայ մասնագետների այս ցանկության մասին հայտնել են թուրքական կողմին, ինչին էլ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Ընթացող աշխատանքներում Հայաստանից միջնադարյան ճարտարապետության երեք մասնագետ ընդգրկելու նպատակով Վրաստանի Թուրքիայի դեսպանությունը դիմել է Վրաստանում Հայաստանի դեսպանությանը: Ըստ Ակօսի` Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական է արձագանքել այս առաջարկին:

Անիում աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի մշակույթի նախարարությունը և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը»: Անիում վերանորոգվում է Մայր տաճարը և Սուրբ փրկիչ եկեղեցին: