Հիշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ուզում է խորհրդարանն ազատել, այսպես ասած, թեմայից դուրս գտնվող լրագրողներից։ (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)
Հրայր Թովմասյանը կարծես թե վրեժ է լուծում լրագրողներից։ Թեպետ պարզ չէ՝ ինչու։ Խորհրդարանում կիրառվում է լրագրողների հավատարմագրման մի կարգ, որը… լրագրողների մասին չէ, այլ տեսախցիկների։ Բանն այն է, որ ամեն նստաշրջանից հետո լրագրողների հավատարմագրումն ուժը կորցնում է, և լրագրողներն ԱԺ են մտնում իրենց անհրաժեշտ պատգամավորին արվող զանգերով։ Պատգամավորը հայտ է իջեցնում ԱԺ ընդունարան, այնտեղից էլ թուղթ են տալիս, որով էլ անձնագրի պարտադիր առկայությամբ մուտք ես գործում շենք։ Եվ այդպես՝ ամբողջ ամառը և ձմռան մի մասը։ Եթե անձնագիր չունես, լրագրողի վկայականդ հաշիվ չէ։ Այսպես էր մինչև երևի օգոստոսի սկիզբը։
Հիմա, եթե հեռուստալրագրող ես և պատրաստվում ես հարցազրույց անել ԱԺ ներսում, պետք է հայտ իջեցվի նաև տեսախցիկի համար։ Անվտանգության ծառայությունից պարտադիր զգուշացնում են այս մասին։ Իրենք, սակայն, տեղյակ չեն, թե ով է այս նորամուծության հեղինակը։ Գալուստ Սահակյանն էլ տեղյակ չէ։ Անձամբ եմ հարցրել։ ԱԺ լրատվականում էլ տեղյակ չեն։
Մնում է հիշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ուզում է խորհրդարանն ազատել, այսպես ասած, թեմայից դուրս գտնվող լրագրողներից։ Կարծես թե սա էլ հասկացանք։ Բայց այսօր ես մի ամբողջ նկարահանում տապալեցի, որովհետև հավատարմագրման նախկին ամբողջ ընթացակարգը իմ օպերատորի հետ անցա, բայց տեսախցիկս, չանցավ։ Հայտ իջեցնող չկար, որովհետև ոչ ոք դրա զահլեն չունի, հայտը պետք է տանեն ԱԺ անվտանգության ծառայություն, այնտեղի աշխատակիցն էլ պիտի անձամբ բերի ԱԺ ընդունարան։ Եթե ԱԺ տարածքը պատկերացնում եք, հավատացեք, որ ես էլ կալարեի, եթե ամեն օր մի քանի հեռուստալրագրող որոշեն ԱԺ պատերից ներս հարցազրույց վերցնել։ Ի՞նչ հարց է լուծել պարոն Թովմասյանը։
Գիտեմ, որ նման կարգ գործում է Չինաստանում, Եվրախորհրդարան ու Եվրադատարանի շենք եմ մտել, ինքս տեսախցիկով չեմ եղել, բայց տեսախցիկով մարդիկ եմ տեսել, չէին նվաստանում էդ անշունչ ապարատի պատճառով։ Խնդիրը անվտանգությո՞ւնն է, կարելի՞ է դրանով որևէ պատգամավորի գլուխ ջարդել։ Ըստ իս, կարելի է։ Այլ հարց է, թե գլուխ ջարդող օպերատորն ինչ գործ ունի ոչ միայն ԱԺ-ում, այլև հեռուստատեսությունում։ Գլուխ ջարդողի կանխավարկա՞ծն է հաշվի առել պարոն Թովմասյանը։ Հնարավոր է, որովհետև ինչպես նշեց ԱԺ լրատվականի աշխատակիցը, «նստաշրջանից դուրս լրագրողները սովորական քաղաքացի են»։ Դե ո՞վ է տեսել սովորական քաղաքացի, որը գլուխ չի ջարդել։ Ես ինքս էլ, հենց տուն եմ գնում, աջ ու ձախ գլուխ եմ ջարդում, shamshyan.com-ը միայն իմ մասին է գրում, դուք ուրիշների անուն ազգանուններին մի խաբվեք, ես եմ սպանում, ես եմ վրաերթի ենթարկում երեխաներին, ես եմ Սուրիկ Խաչատրյանի որդու անվան տակ «Բրաբուսով» երթևեկում մայրաքաղաքի մայթերով։ Ես եմ։ Եվ միշտ ես եմ լինելու երեկոյան ժամերին կամ այն օրերին, երբ աշխատանքի չեմ։ Իսկ եթե աշխատանքի եմ, ես դադարում եմ լինել ՀՀ քաղաքացի։ Ես լրագրող եմ։ Ինձ չափազանց քիչ են հետաքրքում իմ և ուրիշների քաղաքացիական պարտականությունները, քաղաքացիական խնդիրները։ Ես լրագրող եմ, լուրջ մարդ եմ, քաղաքացիական հիմարություններով զբաղվելու ժամանակ չունեմ։ Նշանակում է՝ Հրայր Թովմասյանին անհրաժեշտ են այնպիսի լրագրողներ, որոնք քաղաքացի չեն, որովհետև քաղաքացին գլուխ է ջարդում, քաղաքացին խաբեբա է, նրա տեսախցիկը կարող է կրակել։
Իսկ այն, որ ես այսօր տապալեցի իմ հակաքաղաքացիական նկարահանումը, որն այն մասին էր, թե ինչպես Հայաստանը ավելի մատչելի դարձնել ազերի և թուրք դիվերսանտների համար, ինչպես հիմքից պայթեցնել Ազգային ժողովը, չհաջողվեց։ Որովհետև Հրայր Թովմասյանը ոչ միայն աշխատակազմի ղեկավար է, այլև հսկիչ է։ Որովհետև հսկիչը պարտավոր չէ պատասխան տալ, թե ինչու է նման նորամուծություն կատարել։ Հսկիչն իսկապես իր աշխատանքի մեթոդների մասին պարտավոր չէ տեղեկացնել։ Նույնիսկ եթե պետբյուջեից է սնվում։ ԱԺ անվտանգության ծառայողներին հարցնում եմ՝ էս ի՞նչ խաբար է, ասում են՝ ի՞նչ իմանանք այ ախպեր։ Բա ո՞վ իմանա։ Իմ նկարահանումն, ախր, ջհանդամը։ Դուք ինչո՞ւ նախապես չեք տեղեկացնում աշխատանքի նոր մեթոդների մասին, ինչո՞ւ եք տեսախցիկը հավասարեցնում սառը զենքին։ Եվ ի դեպ, ի՞նչ է նշանակում լրագրողի սովորական քաղաքացի լինելը։ Իսկ ուրիշ ի՞նչ պիտի լիներ լրագրողը։ Բայց սովորական քաղաքացուց նրան տարբերում է այն, որ լրագրողը չի կարող անձնական խնդիրներով մտնել ԱԺ ո՛չ հունվարի 1-ին, ո՛չ էլ օգոստոսի 1-ին, եթե նույնիսկ ԱԺ շենքում մնացել է միայն պահակը։ Լրագրողն անձնական խնդիր չունի, և դա է նրա քաղաքացիական պարտքը աշխատանքի ժամին։
Եթե դուք հանգստանում եք, եթե դուք ձեր գործն եք անում, եթե դուք ձեր խաղի կանոններն ունեք, մի ձևացրեք, թե մեզանից ավելի վեր եք կանգնած և ձեր ձեր բոլոր իրավունքներով ավելին եք մեր աշխատանքային պարտականություններից։ Էդ դուք եք մեզանից սկսվում, ոչ թե մենք ձեզանից։ Էդ դուք եք խայտառակվելուց փնտրում մեր ողորմածությունը, ոչ թե մենք՝ ձեր, որովհետև եթե մենք խայտառակվենք, դա անելու ենք կամավոր, առանց կարմրելու, որովհետև պետբյուջեն մեր խայտառակությունից չի ճաքելու։ Մենք թոշակառուներ չենք, առայժմ ձգտում ենք քաղաքացիական կյանքի բոլոր կանոններով վաստակել մեր հացը։