Սիրիական հակամարտության զոհերի թիվը 191 հազար է․ ՄԱԿ

Սիրիայում ավելի քան երեք տարի շարունակվող հակամարտության զոհերի թիվը 2014թ․ ապրիլի դրությամբ գերազանցել է 191 հազ-ը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ օգոստոսի 22-ին հրապարակած զեկույցում։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ներկայացնելով զեկույցը, նշել է, որ զոհերի փաստագրված թիվը վերջին տարում կրկնապատկվել է։

Անցյալ տարվա հունիսին ՄԱԿ-ը հաղորդել էր սիրիական հակամարտության հետևանքով 93 հազ․ զոհվածի մասին։

Ընդ որում՝ Նավի Փիլայի խոսքով՝ «ողբերգական հավանականություն կա, որ երեք տարվա արյունահեղ պատերազմում զոհվածների իրական թիվն ավելի մեծ է»։

Գերագույն հանձնակատարը նաև քննադատել է սիրիական ճգնաժամի հարցում «միջազգային հանրության կաթվածահար վիճակը»։

Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։

Մեկնաբանել