23 օգոստոս, 2014 16:50

Տնտեսության կառուցվածքը և սելեկտիվ աբորտները

Հայաստանում սեռերի շեղված հարաբերակցությունը կամ սեռով պայմանավորված աբորտները նոր երևույթ են: Ընդհանրապես տղաների ու աղջիկների բնական հարաբերակցությունը 102-106 տղա/100 աղջիկ է, իսկ Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հետազոտության՝ այդ հարաբերակցությունը կազմում է 113 տղա/100 աղջիկ: Այս ցուցանիշը շատ վտանգավոր է: Ի դեպ՝ Հայաստանն այս ցուցանիշով երրորդն է աշխարհում՝ Չինաստանից ու Ադրբեջանից հետո:

Նույն հետազոտության համաձայն՝ Հայաստանում տարեկան մոտ 1500 աղջիկ չի ծնվում միայն աղջիկ լինելու պատճառով, քանի որ սեռը պարզելուց հետո հղիությունն ընդհատվում է: Տղա երեխայի նախապատվությունը հիմնականում պայմանավորված է ընտանիքում տղամարդու ազդեցիկ դիրքով, տղաների շատ ավելի ակտիվ դերակատարությամբ և սոցիալական մոբիլությամբ: Ըստ հետազոտության որակական հարցազրույցների՝ աղջիկ ունենալու հիմնական խնդիրը կապված է հետագայում հասարակության մեջ կնոջ ինքնադրսևորման հեռանկարի և կնոջ ավելի խոցելի լինելու հանգամանքի հետ:

Փաստացի, սելեկտիվ աբորտները սոցիալական կառուցվածքի խնդիր են, և հարցը լուծելու համար պահանջվում է սոցիալական կառուցվածքում մեծ փոփոխություններ։ Կանանց ինքնադրսևորման հնարավորությունները փոխելու համար անհրաժեշտ է այդ հնարավորությունները հավասարեցնել տղաների հետ: Ճիշտ է՝ բնությամբ պայմանավորված՝ տղաները շատ հարցերում կարող են առավելություն ունենալ: Օրինակ` երեխա ունենալուց հետո կնոջ հնարավորությունները սահմանափակվում են, սակայն կարելի է այնպիսի պայմաններ ստեղծել, որ հնարավորությունները առավել հավասար լինեն: Այստեղ կարևոր դեր ունի տնտեսությունը և շուկայի կառուցվածքը:

Մրցակցային շուկան կարող է հնարավորինս լայն հնարավորություններ ստեղծել կանանց համար: Օրինակ` զարգացած շուկայական տնտեսությունները ավելի շատ հնարավորություններ են ստեղծում կանանց համար: Հիմնականում շուկայական տնտեսություն ունեցող երկրներում են կանայք կարողանում առաջխաղացում ունենալ: Ներկայում, օրինակ, Շվեյցարիայի, Լիտվայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի նախագահները կանայք են: Այս երկրներում, ի դեպ, սեռով պայմանավորված հղիության ընդհատման ցուցանիշը շատ փոքր է: Սա թերևս ենթադրում է, որ ազատ շուկայական տնտեսությունը առավել հավասար պայմանններ է ստեղծել երկու սեռերի համար: Դա է պատճառը, որ ծնողները չեն անհանգստանում, որ աղջիկը իրեն դրսևորելու ավելի քիչ հնարավորություն կունենա:

Հայաստանում ևս ազատ շուկայական տնտեսությունը կարող է կանանց համար մեծ հարավորություններ ստեղծել, որը կմեղմի սելեկտիվ աբորտների խնդիրը: Իհարկե, սելեկտիվ աբորտները միայն տնտեսական խնդիր չեն, սակայն տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է: Խնդրի տնտեսական կողմի լուծումը դրական ազդեցություն կունենա այլ պատճառները մեղմելու համար:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: