Թուրքահայերը՝ իսլամական դպրոցի սաներ

Թուրքիայում երկու ոչ մուսուլման աշակերտներ մեխանիկորեն ընդունվել են իմամ հաթիփ (իսլամական դպրոցներ, որոնք պատրաստում են կրոնական քարոզիչներ – ՍիվիլՆեթ) այն բանից հետո, երբ ցածր գնահատականներ են ստացել նախնականից միջնակարգ դպրոց անցնելու նպատակով անցկացված քննությունից (TEOG), հաղորդում է Today’s Zaman-ը:

Hürriyet օրաթերթի հաղորդմամբ՝ աշակերտներից մեկը՝ ծագումով հայ Արդա Քրիստոֆ Ա.-ն՝ հավաքել է 257.3422 բալ, ինչը շատ ցածր գնահատական է իմամ հաթիփ դպրոցից բացի այլ դպրոց ընդունվելու համար: Հետևաբար աշակերտին մեխանիկորեն ներգրավել են իմամ հաթիփում՝ հարուցելով նրա և նրա ընտանիքի անդամների դժգոհությունը:

Երկու հայ աշակերտներն ավելի վաղ որոշել էին ընդունվել մասնավոր ավագ դպրոց, ուստի քննության համար այնքան էլ լավ չէին պատրաստվել:

Hürriyet-ը գրել է, որ աշակերտներն ու նրանց ընտանիքները տեղյակ չէին TEOG քննության արդյունքների հետևանքների մասին: Օրաթերթի հետ զրույցում աշակերտներից մեկի հայրը՝ Ումիթ Ա.-ն ասել է, որ իր որդուն մեխանիկորեն ընդունել են Այազաղա Անադոլու իմամ հաթիփ ավագ դպրոց՝ հավելելով, որ «արդյունքը ծիծաղ է առաջացրել իրենց մոտ». իրենք կարծում են՝ «փաստաթղթային ընթացակարգերում ինչ-որ սխալ է տեղի ունեցել»:

Մյուս աշակերտի հայրն էլ ասել է, որ իր դուստրը մեխանիկորեն ընդունվել է Շիշլի Յունուս Էմրե Անադոլու իմամ հաթիփ ավագ դպրոց: Նրա խոսքով՝ ընտանիքն այնպես կանի, որ երեխան դուրս մնա իմամ հաթիփից:

Թուրքիայի ավագ դպրոցներ ընդունվող ութերորդ դասարանցի բոլոր աշակերտները պետք է հանձնեն TEOG քննությունը՝ ցածր բալեր հավաքելու դեպքում ստիպված լինելով ընտրել երկու տարբերակի միջև՝ ընդունվել պրոֆտեխուսումնարան կամ իմամ հաթիփ դպրոց: Չընտրելու դեպքում նրանք մեխանիկորեն ընդունվում են իմամ հաթիփ: Այն աշակերտները, որոնց չի գոհացնում արդյունքը, կարող են դիմում ներկայացնել դպրոցներին՝ առաջիկա հինգ շաբաթների ընթացքում դուրս մնալու նպատակով: Նրանք հնարավորություն կունենան փոխադրվել պետական կամ մասնավոր ավագ դպրոցներ:

Մեկնաբանել