Թուրքիայի նախագահի հայկական նստավայրը

Էրդողանը փոխեց Թուրքիան` չկարողանալով զարգացնել այն: Ստեղծեց յուրահատուկ ժամանակաշրջան` մոռացության մատնելով զինվորական հեղափոխությունները և պարբերաբար կրկնվող տնտեսական ճգնաժամերը: Հավաքելով ձայների մի ստվար զանգված` չկարողացավ երկիրը դարձնել եվրոպական արժեքների կրող, սակայն ստեղծեց «իր պատկերացրած» Թուրքիան:

Վարչապետից նախագահ տանող ճանապարհին նա սկսեց հանդես գալ նոր ուղերձով` «Նոր Թուրքիա»: Էրդողանը ջնջեց նախկին Թուրքիան և կառուցեց նորը, հետևաբար կարծես մերժեց օգտագործել ամբողջ հանրապետական շրջանում որպես նախագահի նստավայր ծառայած Չանքայայի պալատը:

Ո՞ւմ էր պատկանել Չանքայայի պալատը նախկինում, ումի՞ց էր խլվել, ի՞նչ պատմական դեպքերի էր ականատես եղել և ի վերջո ի՞նչ կապ ուներ հայերի հետ:

Չանքայայի պալատը պատկանում էր Քասաբյանների հայկական ընտանիքին: Այս առանձնատունը ոչ մեկին չէր վաճառվել: Այն ընդամենը մեկն է 1915-ից հետո պետականացված հայկական հազարավոր խլված գույքերից…

Իրականությունն ի հայտ եկավ 2007-ին, երբ Թուրքիայի գլխավոր պետականամետ թերթում՝ «Հուրիյեթում», լույս տեսավ հոդված, որի հեղինակը պնդում էր, որ մի «հարուստ» հայ ոսկերիչ այս տունը վաճառել էր թուրքի, իսկ վերջինս էլ 1921-ին նվիրել էր այն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Այս հոդվածը կարդալով` Կանադայում ապրող Քասաբյան ընտանիքի վերջին ժառանգը մամուլով բացահայտել էր իրենց ընտանիքի ողբերգությունը` ընդգծելով իրենց տան ոչ թե վաճառվելը, այլ խլվելը թուրքական պետության կողմից: Ըստ կրտսեր Քասաբյանի` այս տունն իրենց կողոպտված հարստության շատ փոքրիկ մասնիկն էր:

Տիրազուրկ այս տունը նախագահի նստավայրի վերածվելուց հետո կարծես վկան դարձավ դաժանագույն իրականության: Աթաթուրքի բավական բուռն անձնական կյանքը, որը լի էր սիրային ճգնաժամերով, մեծ հետքեր թողեց այս տան վրա: Քասաբյանների տանն էր ապրում Աթաթուրքի զարմուհի տիկին Ֆիքրիեն, որը նաև սիրահարված էր նրան: Երբ Աթաթուրքն իր կնոջը՝ Լաթիֆեին տուն բերեց և հայտարարեց առաջին տիկին, Ֆիքրիեն չդիմանալով այդ դժբախտությանը` ինքնասպան եղավ տան բակում: Մի քանի տարի անց Լաթիֆեի ազգականներից հայտնի գրող Զիյա Ուշաքլըգիլի որդու` Վեդաթի և Աթաթուրքի սերտ մտերմությունը սկսեց լրջորեն անհանգստացնել Լաթիֆեին: Վեդաթի և Աթաթուրքի սիրավեպը հասավ այն աստիճանի, որ Լաթիֆեն հրապարակայնորեն ընդվզեց` հայտարարելով, որ չի պատրաստվում հանդուրժել այդ խայտառակությունը: Թուրքիայում Ավստրիայի դեսպանության տարեկան զեկույցում անդրադարձ կատարվեց Աթաթուրքի ամուսնալուծությանը: Նշվում էր, որ այն տեղի ունեցավ Թուրքիայի հիմնադրի` Վեդաթի հետ ունեցած սիրավեպի բացահայտման հետևանքով: Ինչևէ, Աթաթուրքը բաժանվեց Լաթիֆեից, իսկ պարոն Վեդաթը, չհամակերպվելով Աթաթուրքի սիրային տվայտանքներին, ինքնասպան եղավ:

Քասաբյանների առանձնատունը Թուրքիայի հանրապետության առաջին տարիների բոլոր արյունոտ մտահաղացումների լուռ վկան է: Այստեղ են մշակվել և իրականացվել Օսմանյան կայսրությունից հանրապետության անցման, կոտորածների և սաստիկ խտրականության ճանապարհով մոնոէթնիկ Թուրքիայի կերտման բոլոր պլանները: Այս տանն են տեղի ունեցել Աթաթուրքի հռչակավոր օրգիաները: Կերուխումի ժամանակ Աթաթուրքի բարեհաճությանն արժանացողների առաջ բացվում էին պետական կարիերայի բոլոր դռները, իսկ նրան դժգոհելու առիթ տված աստիճանավորները զրկվում էին իրենց պաշտոններից: Քասաբյանների տուն էին այցելում նաև օտարերկրյա դիվանագետները և միջազգային մամուլի ներկայացուցիչները` Աթաթուրքի հետ երեկոները կարճելով պոկերի սեղանի շուրջ:

1938-ին վարչապետ Իսմեթ Ինենյուն Աթաթուրքի հետ տարաձայնության արդյունքում հայտարարեց, որ «բավ է, և այլևս հնարավոր չէ երկիրը ղեկավարել օղու սեղանից»: Այս հայտարարությունը նրա պաշտոնանկության պատճառը դարձավ:

Աթաթուրքի մահից հետո մինչև օրս տեղի ունեցած վերանորոգումների և հարակից շինությունների կառուցման արդյունքում Քասաբյանների առանձնատունը վերածվել է հսկայական համալիրի, և նախկին շենքն այժմ օգտագործվում է որպես թանգարան:

2007-ին, երբ Աբդուլլահ Գյուլը դարձավ նախագահ և տեղափոխվեց Չանքայա, իջնելով նկուղ, այնտեղից դուրս բերեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գեղանկարները և դրանցով զարդարեց իր աշխատասենյակը: Սուլթան Աբդուլ Ազիզը 1874-ին Այվազովսկուն հրավիրել էր Ստամբուլ և պատվիրել մի քանի տասնյակ գեղանկար` նրան պարգևատրելով Օսմանյան բարձրագույն շքանշանով: Մինչև Գյուլի նախագահ դառնալը` նշանավոր հայ նկարչի ստեղծագործությունները փոշոտվում էին Քասաբյանների տան նկուղում:

Ընդամենը վերջերս պարզվեց, որ Քասաբյանները ևս մի ժառանգ ունեն, որն ապրում է Ստամբուլում, սակայն կրում է Քասաբօղլու ազգանունը: Նա միայն 2001-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքի օգնությամբ էր իր համար բացահայտել իր նախնիների հարստության պատկանելիությունը:

Մինչև օրս Թուրքիայում պաշտոնապես որևէ բառ չի ասվել Չանքայայի պալատի իսկական տերերի մասին: Մոռանալը և մոռացության մատնելը հասարակական հիշողության մեծագույն վնասներից է, իսկ հիշեցնելը կապ չունի ատելության զգացումի հետ, այն ուղղակի արդարության վերականգնում է: Այսօր Թուրքիան առնվազն պետք է քաջություն ունենա հայտարարելու, որ նախագահի նստավայրը ստեղծվել է հայկական սեփականության առգրավման արդյունքում:

Մեկնաբանել