Պորոշենկոն վաղաժամ լուծարել է Ռադան

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն որոշում է կայացրել Գերագույն ռադան վաղաժամ լուծարելու մասին։

«Հարգելի հայրենակիցներ։ Ես որոշել եմ վաղաժամ դադարեցնել յոթերորդ գումարման Գերագույն ռադայի լիազորությունները»,- ասված է Ուկրաինայի նախագահի Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում ասված է, որ կոալիցիոն բլոկը, որը ներառում էր «Բատկիվշչինա», «ՈՒԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները, հուլիսին կազմալուծվել էր, իսկ նորը մեկ ամսվա ընթացքում չի ձևավորվել, ինչի կապակցությամբ Պորոշենկոն օգտվել է Գերագույն ռադան ցրելու իրավունքից։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ընտրությունները լյուստրացիայի լավագույն միջոց են, իսկ մաքրման գործընթացը «հարկ է սկսել բարձրագույն օրենսդիր մարմնից»։

Նա հայտարարել է, որ Ռադայի որոշ պատգամավորներ «զինյալ անջատականների եթե ոչ անմիջական հովանավորներն ու հանցակիցներն են, ապա՝ կողմնակիցները»։

«Անգամ մոբիլիզացիա հայտարարելու և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունն ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու պահանջի համար հազիվ հավաքվեց 232 ձայն։ Ընդհանուր առմամբ՝ Գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում Ուկրաինայի հասարակության քաղաքական տրամադրություններին»,- նշել է Պորոշենկոն։

Նա կարծում է, որ 2012թ․ խորհրդարանական ընտրությունները չեն եղել «ո՛չ արդար, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ թափանցիկ» և չեն համապատասխանել եվրոպական չափորոշիչներին։

Պորոշենկոն արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում է Դոնբասում խաղաղության հաստատման իր ծրագիր մի մասը։

«Ես Դոնբասում հաղթանակն ու Գերագույն ռադայում ժողովրդավարական բարեփոխիչ ուժերի հաղթանակը դիտարկում եմ՝ որպես փոխկապակցված գործընթաց»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Չէ՞ որ մեր թշնամիները միայն ռուս-ուկրաինական սահմանի այն կողմից ներթափանցած դիվերսանտները, ահաբեկիչներն ու վարձկանները չեն։ «Գրադներից» կամ «Բուկերից» ոչ պակաս վաս են հասցնում կոռուպցիան, գործազրկությունը, աղքատությունը։ Եվ մենք պետք է հաղթենք այս բոլոր ճակատներում միաժամանակ»,- ասել է նա։

Նոր գումարման խորհրդարանի ընտրությունները նշանակվել են այս տարվա հոկտեմբերի 26-ին։

Ինչպես ակնկալվում է, օգոստոսի 26-ին Ուկրաինայի նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը պետք է տեղի ունենա Մինսկում՝ Մաքսային միության երկրների ղեկավարների գագաթաժողովի (որին մասնակցելու են նաև Ուկրաինայի նախագահն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները) շրջանակում։

Մեկնաբանել