30 օգոստոս, 2014 09:00

Օգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է

Օգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում միջազգային հանրությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել անհայտ կորած անձանց ողբերգության, ինչպես նաև այն իրավիճակի հանդեպ, որում հայտնվել են նրանց ընտանիքները։

ԿԽՄԿ տարածած հաղորդագրության համաձայն` որոշ վայրերում անհայտ կորածների թիվն ապշեցնող է։ Օրինակ` Կոլումբիայում սկզբնապես հայտարարված 90 000-ից 68 000-ից ավելին դեռևս մնում է անհայտ կորած։ Շրի Լանկայում դեռևս չբացահայտված է մնում 16 000 մարդու ճակատագիր։ Պերուում անհետացել է 13 000-16 000 մարդ, և նրանց ընտանիքները դեռ սպասում են լուրի։ Բալկաններում հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում ավելին քան 11 000 մարդ՝ ԿԽՄԿ-ի ցուցակներում գրանցված 35 000-ից։

Կազմակերպությունը ներկայում փորձում է պարզել 52 000 մարդու ճակատագիրը և գտնվելու վայրը։ Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպությունը ներկայացնում է նոր տպագիր նյութ՝ «Ապրելով բացակայի հետ. օգնություն անհայտ կորածների ընտանիքներին»։ Այն բացահայտում է անհայտ կորածների ծանր փորձությունները, ընտանիքների բազմաթիվ կարիքները և նկարագրում ԿԽՄԿ-ի իրականացրած թիրախային ծրագրերը։ Նյութը տպավորիչ դարձնելու համար մեջբերված են նաև ընտանիքների անդամների խոսքեր։

Ղարաբաղյան համակարտության արդյունքում Հայաստանում գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ։ Դեռ 1992-ից իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում սկսելուց ի վեր՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է իշխանությունների հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։

ԿԽՄԿ-ն իրականացնում է մանրամասն տվյալների հավաքագրման ծրագիր։ Այն ներառում է անհայտ կորածների ընտանիքների անդամներից կենսաբանական նմուշների հավաքում, ինչը թույլ կտա մեծացնել աճյունների նույնականացման հավանականությունը։ Կազմակերպությունը նաև սատարում է համապատասխան կառույցներին՝ այդ հիմնախնդրի առնչությամբ իրավական դաշտ ստեղծելու հարցում։

Կառույցն աշխատում է հանրապետության ամբողջ տարածքում բնակվող անհայտ կորածների ընտանիքների հետ՝ նրանց տրամադրելով նյութական օժանդակություն տների վերանորոգման համար, ինչպես նաև միկրոտնտեսական ծրագրի շրջանակում աջակցելով նրանց՝ փոքր բիզնես ձեռնարկելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու գործում։ Հայկական Կարմիր խաչի ընկերության և տեղի գործընկերների հետ համատեղ ԿԽՄԿ-ն ընտանիքներին տրամադրում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ օգնելով նրանց հաղթահարել կորստի ցավը և լուծել իրենց առջև ծառացած առողջական, իրավական և սոցիալական խնդիրները։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին անհայտ կորածների մասին ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութերը կարող եք դիտել այստեղ: