2 սեպտեմբեր, 2014 09:16

Անկախությո՞ւն, թե՞ վերամիավորում

1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ կայացրին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում, իսկ 1990թ. օգոստոսի 23-ին հրապարակվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որում կար հետևյալ ձևակեպրպումը. «...ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա...»:

Ըստ վերը նշված երկու փաստաթղթերի՝ Արցախը Հայաստանի մաս էր: Սակայն, ելնելով քաղաքական իրավիճակից, հետագայում՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը հռչակել անկախ պետություն: Արդյունքում միավորման գաղափարի շուրջ սկսված շարժումը հետագայում փոխակերպվեց հանուն անկախության շարժման:

Հիմնավորելով ղարաբաղյան շարժման պահանջի փոփոխությունը՝ շատերը պնդում են, որ միջազգային իրավունքը թույլ չէր տալիս միավորում, ինչի հետևանքով էլ ընտրվել է անկախության տարբերակը:

Գուցե քաղաքական առումով դա էր նպատակահարմար տարբերակը, սակայն միջազգային իրավունքը ինքնորոշման նման սահմանափակում չի դնում։ Ըստ միջազգային իրավունքի՝ ինքնորոշումը վերաբերում է քաղաքական կարգավիճակի ընտրությանը:

Ավստրալացի քաղաքագետ Հարի Բերանը, որը ժողովրդավարական ճանապարհով ինքնորոշման տեսաբան է, պնդում է, որ անհատների խումբն ունի քաղաքական ինքնորոշման ու անհատական իրավունքներ և պետք յուրաքանչյուր այդպիսի խմբի թույլ տալ ինքնորոշվել, եթե նրանք ապրում են կոմպակտ տարածքում և եթե դա բարոյապես ու գործնականում հնարավոր է:

Ըստ նրա՝ լիբերալ ժողովրդավարության տեսությունը թույլ է տալիս ինքնորոշում, որպեսզի հնարավոր լինի ստեղծել կոնսենսուսի վրա հիմնված քաղաքական համակարգ: Այսինքն, լիբերալիզմի տեսանկյունից անհատի ինքնորոշվելն անմիջականորեն կապված է ոչ թե անկախության, այլ անհատի որոշման հետ, ինչը հնարավոր է դարձնում քաղաքական ցանկացած կարգավիճակի ընտրությունը:

Ինքնորոշման հատկանշական օրինակ է Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների վերամիավորումը:

Միջազգային իրավունքը գործում է գրեթե նույն տրամաբանությամբ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին հռչակագրում նշված է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում նշված է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման մշտական իրավունք: Նրանք իրավունք ունեն ազատ որոշելու իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության. կարող են հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանն ըստ սեփական հայեցողության:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի ու Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի առաջին հոդվածներում նույնպես նշված է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ինչի ուժով նրանք կարող են սահմանել իրենց քաղաքական կարգավիճակը՝ ապահովելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:

Հստակ է, որ ինքնորոշումը վերաբերում է քաղաքական կարգավիճակի ընտրությանը, ուստի և Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ նույնպես քաղաքական կարգավիճակի ընտրություն է: Ակնհայտ է նաև, որ Արցախի տնտեսական, քաղաքական, սոցիալական ու մշակութային զարգացումը կապված է Հայաստանի համանուն ոլորտների զարգացման հետ և առանձին չի կարող գոյություն ունենալ: Հետևաբար, ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն տարբերակը Անկախության հռչակագրի և 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման իրականացումն է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: