3 սեպտեմբեր, 2014 16:13

Էրդողանը վերահաստատեց՝ Անկարան Բաքվի կողքին է

Կայունությունն ու խաղաղությունը Հարավային Կովկասում լինելու են Թուրքիայի արտաքին քաղաքական անկյունաքարերից: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Երկու երկրների նախագահների, ապա՝ պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով հանդիպումներից հետո կայացած մամուլի ասուլիսին Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի, եթե չկարգավորվի հայ-ադրբեջանական հակամարտությունը: Հակառակ դեպքում՝ hայ-թուրքական հարաբերությունները կմնան նույնը: Այս մասին հայտարարվել է նաև նախկինում, դա պետք է քաջ գիտակցել»:

Էրդողանի խոսքով՝ «հայ-ադրբեջանական հակամարտության ցանկացած լուծում պետք է հաշվի առնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ շուտով Ուելսում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ցանկանում են կյանքի կոչել Ադրբեջանին տված խոստումը, ինչը ադրբեջանական մամուլը, մասնավորապես, Trend գործակալությունը, մեկնաբանել է որպես խոստում՝ «հիշեցնել դաշինքին Ադրբեջանին տված խոստումների մասին և ԼՂ հակամարտության հարցն ընդգրկել գագաթաժողովի օրակարգում»: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրք իր պաշտոնակցին Ադրբեջանի դիրքորոշումը մշտապես պաշտպանելու համար, նաև խոստացել, որ Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը և սփյուռքը Թուրքիայի հետ միասին ջանքեր կգործադրեն «1915թ. իրադարձությունների մասին Հայաստանի պնդումների դեմ պայքարելու համար»: