3 սեպտեմբեր, 2014 16:52

Նախագահն աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիա

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 3-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Նախագահի մամուլի ծառայության տարածած համաձայն` Սերժ Սարգսյանը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում: Նա հանդես կգա ելույթով:

«ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս հանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները: Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից և միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչև 126-հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին և հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների: