Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը

«Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցությունը». սեպտեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է հայտարարել Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինը: ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` վերջինիս գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հուլիսին ՀՀ նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ է հաղորդել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը և վստահություն հայտնել, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն։

Արգենտինայի փոխարտգործնախարարը կարևորել է պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։

Նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի բացակայությունը, հարուստ իրավապայմանագրային դաշտի առկայությունը, երկու երկրների մայրաքաղաքների քույր-քաղաքներ հանդիսանալը կարևոր գործոն են` երկկողմ փոխգործակցության խորացման համար։

Զրույցին անդրադարձ է կատարվել միջագային և տարածաշրջանային խնդիրներին։

Հանդիպումից հետո ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալեյգը փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել։

Մեկնաբանել