Լրագրող Սոթլոֆի գլխատման տեսանյութը իրական է․ ԱՄՆ

ԱՄՆ իշխանությունները հաստատել են՝ նախօրեին համացանցում տեղադրված տեսանյութը, որում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալները ցուցադրում են ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի գլխատումը, իրական է, հաղորդում է BBC-ն։

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հայդենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունները վերլուծության են ենթարկել համացանցում տեղադրված տեսանյութը, որը ցուցադրում է ԱՄՆ-ի քաղաքացի Սթիվեն Սոթլոֆին, և եզրահանգել են, որ այն իրական է»։

Սոթլոֆի ընտանիքի ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ սպանվածի հարազատները հավատում են տեսանյութի իսկությանը։ «Նրա ընտանիքը գիտի այս սարսափելի ողբերգության մասին և սգում է հարազատների հետ։ Այս դժվարին պահին ընտանիքի որևէ հայտարարություն չի հրապարակվի»,- նշել էր նա։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը ներկայում այցով Էստոնիայում է, լրագրողի գլխատումն անվանել է բռնության սարսափելի ակտ։ «Մենք չենք կարող անգամ պատկերացնել տառապանքը, որ զգում են Սթիվենին սիրող մարդիկ։ Մեր երկիրը սգում է նրանց հետ միասին»,- ասել է Օբաման՝ հավելելով․ «Մեզ չեն վախեցնի։ Այս սարսափելի ակտը միավորում է մեզ»։

«Իրաքի և Շամի իսլամական պետության» զինյալները Սթիվեն Սոթլոֆի գլխատմամբ տեսանյութը համացանցում տեղադրել էին սեպտեմբերի 2-ին։ Տեսանյութի վերջում դիմակով զինյալը սպառնում է ևս մեկ գերու, որը բրիտանացի է, և տարբեր երկրների կառավարություններից պահանջում է կազմալուծել իսլամիստների դեմ դաշինքը։

Այս տարվա օգոստոսին նույն խմբավորման զինյալները ցուցադրել էին տեսանյութ, որում իրենց վստահեցմամբ՝ արձանագրված էր ամերիկացի մեկ այլ լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատումը։ Իսլամիստները հայտարարել էին, որ լրագրողի գլխատումը վրեժխնդրություն է Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» դիրքերին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածների համար։

Տեսանյութի վերջում զինյալները ցուցադրել էին Սթիվեն Սոթլոֆին՝ նախազգուշացնելով, որ վերջինիս ճակատագիրը կախված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հաջորդ քայլից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Սոթլոֆի գլխատումն անվանել է «միանգամայն զազրելի արարք»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ վրդովված է լրագրողի սպանությամբ։

Սթիվեն Սոթլոֆը 31 տարեկան էր։ Նա Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ քաղաքի մոտ գերի էր ընկել իսլամիստներին 2013թ․ օգոստոսին։

Սոթլոֆի ընկերների խոսքով՝ նա երկար ժամանակ ապրել էր Եմենում և գերազանց խոսում էր արաբերեն։ Նա աշխատել է ամերիկյան Time, Foreign Policy և Christian Science Monitor պարբերականների համար և տեսանյութեր է պատրաստել Եգիպտոսում, Լիբիայում և Սիրիայում։

Մեկնաբանել