37 մլն դոլար Ասիական բանկից` Հայաստանի էներգետիկ համակարգին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում են էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից, ԱԶԲ-ն «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի նպատակների համար նախատեսում է Հայաստանին տրամադրել շուրջ 37 մլն դոլար վարկային միջոցներ (25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը` տարեկան 2%):

Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից: Նշվում է, որ վարկային ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները:

Համակարգում արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ 200 կմ օպտիկամանրաթելքային մալուխ, զգալիորեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:

Նախորդ տարիների ընթացքում «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածքները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:

«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա 110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019-ին:

Մեկնաբանել