8 սեպտեմբեր, 2014 17:13

Արկածախնդրություն, որ կոչվում է սահմանադրական փոփոխություններ

Շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստին, այդ կուսակցության ղեկավար և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սկսվել է քաղաքական նոր սեզոն: ՀՀԿ առաջնորդի պատկերացմամբ՝ քաղաքական նոր սեզոնը ենթադրում է հանրապետականների անձնուրաց պատերազմ ժողովրդի հոգսերի դեմ՝ համեմված սահմանադրական փոփոխություններով։ Սակայն իրականում քաղաքական նոր սեզոնը ենթադրում է պայքար Սերժ Սարգսյանի իշխանության հարատևությունն ապահովելու համար:

Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել սահմանադրական փոփոխություններին և ասել. «Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով՝ [Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական] հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը և մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է իմ հաստատմանը: Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար»: Սահմանադրական փոփոխությունների քննադատներին արձագանքելով՝ Սարգսյանն ասել է, թե նրանք հակափաստարկներ չեն ներկայացնում, միայն նշում են, որ փոփոխությունների ժամանակը չէ:

Այս առումով ՀՀԿ առաջնորդը խեղաթյուրում է իրականությունը, քանի որ տևական ժամանակ է, ինչ ծանրակշիռ փաստարկներ են ներկայացվում Սահմանադրական փոփոխությունների դեմ: Եթե նշվում է, որ հիմա պահը չէ, դա հիմնավորվում է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հանրային և համակարգային պահանջարկի բացակայությամբ:

Հանրության հիմնական մասի մոտ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար թիվ մեկ անհրաժեշտությունը ոչ թե Սահմանադրությունը փոխելը, այլ իշխանությունների կողմից դրա դրույթները չոտնահարելն է: Սահմանադրության բովանդակությունը ամենևին էլ չի կարող երաշխավորել, որ ընտրությունները չեն կեղծվելու, ու իշխանությունը բռնազավթած քաղաքական ուժը չի ոտնահարելու երկրի մայր օրենքը: Հազիվ թե գործող Սահմանդրությունը պարարտ հող է ստեղծում համապետական ընտրություններ կեղծելու կամ, ասենք, դատական համակարգը ոչ սահմանդրական մեխանիզմներով կախվածության մեջ պահելու համար:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների համակարգային պահանջարկին, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար Սահմանադրություն փոխելու կարիք ամենևին էլ չկա: Կարիքն առաջանում է այն ժամանակ, երբ գործող Սահմանադրության պատճառով պետական կառավարման ոլորտում պարբերաբար ճգնաժամեր են առաջանում: Ինչպես ցույց է տալիս նորանկախ Հայաստանի պատմությունը, պետական կառավարման մեջ երբևիցէ սահմանադրական ճգնաժամ չի եղել:

Սերժ Սարգսյանն իր անձնական նախաձեռնությամբ գործի է դրել սահմանադրական փոփոխություններ կոչվող ականը, որի հիմնական նպատակն է ապահովել իշխանության վերարտադրությունը խորհրդարանի նախագահի կամ վարչապետի պաշտոնում: Արտաքին և սոցիալ-տնտեսական քաղաքականության բոլոր ուղղություններում ձախողած Սերժ Սարգսյանին այժմ սպառնում է դիրքերի թուլացում իշխանական բուրգի ներսում: Նա վերածվում է «Կաղ բադի»՝ հեռացող նախագահի, իսկ այդ պարագայում նրա թիմակիցները սկսում են նոր առաջնորդի փնտրտուքը: Սերժ Սարգսյանի վրա այլևս որևէ մեկը խաղադրույք չի կատարելու: Այդպիսի իրավիճակում խիստ հավանական է, որ նա հրաժեշտ տա իր պաշտոնին նախքան նախագահական հերթական ընտրությունները:

ՀՀԿ առաջնորդը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ կոչվող արկածախնդրությունը՝ առնվազն իշխանական բուրգում իր իշխանությունը հաստատուն պահելու համար, իսկ առավելագույնը՝ 2018թ. վերարտադրվելու համար։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: