Քաղաքական ակտիվ աշունը մտնում է հունի մեջ: Սերժ Սարգսյանը շարունակում է առաջ տանել սահմանադրական փոփոխությունները, որոնց իրական նպատակը նրա իշխանության վերարտադրությունն է: Քառյակն իր հերթին վերահաստատեց համատեղ հանրահավաք կազմակերպելու մտադրությունը, և այս պահին քննարկվում է ժամկետի հարցը։
Քառյակի համատեղ հայտարարությունից հետո, սեպտեմբերի 9-ի երեկոյան տեղի ունեցավ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջնորդների հանդիպումը: Կողմերը հայտարարեցին, որ այս պահին շարունակում են դեմ լինել երկրի կառավարման համակարգի փոփոխությանը՝ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Կողմերը քննարկեցին նաև մինչև հանրահավաքը քառյակի շրջանակում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու և համախմբելու նպատակով:
Ներկայիս գործընթացները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտում ձևավորվել է երկու կարևոր օրակարգ` Սերժ Սարգսյանի վերարտադրության կազմակերպում՝ Սահմանադրությունը փոխելու ճանապարհով, և ոչ իշխանական քառյակի առաջիկա հանրահավաք, որի նպատակը, ըստ էության՝ սահմանադրական փոփոխությունների կասեցումն է:
Քանիցս ասվել է, որ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ռեսուրները սահմանափակ են: Գալով իշխանության` նա ուներ քաղաքական դաշտում գործող կուսակցություններից երեքի` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի աջակցությունը: Այսօր այդ կուսակցություններից ոչ մեկը կոալիցիոն կառավարության մեջ չէ: Ավելին, եթե իշխանության գալու պահին Սարգսյանն ուներ Արցախը պաշտպանող քաղաքական գործչի իմիջ, ապա այսօր նույնիսկ Արցախում նրա լեգիտիմությունը դրվում է կասկածի տակ, որովհետև մտավախություն կա, որ նա ղարաբաղյան խնդիրը փորձում է լուծել մեծ զիջումների ճանապարհով։
Դեռ մայիսի 24-ին ելույթ ունենալով ՀՀԿ-ի 15-րդ համագումարում՝ Սերժ Սարգսյանը փորձեց համագործակցության անուղղակի առաջարկ անել ԲՀԿ-ին, նշելով, որ ՀՀԿ-ի նպատակը սահմանադրական փոփոխությունների միջոցով քաղաքական երկբևեռ համակարգի ստեղծումն է: Հասկանալի է, որ ենթադրյալ երկրորդ բևեռի տեղը պետք է զբաղեցներ ԲՀԿ-ն: Ստանալով ԲՀԿ-ի մերժումը՝ Սարգսյանն այսօր միայն ՀՀԿ-ի միջոցով է փորձում իրականացնել սահմանադրական փոփոխությունները: Դա է պատճառը, որ սեպտեմբերի 6-ի իր ելույթում նա ՀՀԿ-ականներին կոչ էր անում համախմբվել և պատրաստվել «քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջանի»:
Սարգսյանը համախմբման կոչ է անում, որովհետև նրա միակ ռեսուրսը մնացել է ՀՀԿ-ն: Զարգացումների նման ընթացքը չի բացառում, որ նա իր մականունավոր համակուսակցականներին պարգևատրի նոր ու բարձր պաշտոններով, որպեսզի ունենա սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերի նկատմամբ հանցավոր ճնշումներ կիրառելու համար հարմարեցված կադրեր:
Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտված ուժերն ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրս: Նրանց համար, սակայն, ամենակարևոր ռեսուրսը կարող է դառնալ հանրային աջակցությունը: Ի դեպ, Սարգսյանը այս դաշտում որևէ աջակցությոն չունի, հետևաբար՝ արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է ընդդեմ սահմանադրական փոփոխությունների ապահովել հանրային լայն մոբիլիզացիա:
Հանրային մոբիլիզացիան հանրահավաքների տեսքով Սերժ Սարգսյանի համար լուրջ վտանգ է: Սարգսյանը զգուշանում է հանրահավաքներից, որի ապացույցն այս տարի ապրիլին հայտարարված հանրահավաքներին ընդառաջ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելն էր:
Այսօր քաղաքական դաշտի մի կողմում Սերժ Սարգսյանն է` իր սահմանադրական փոփոխությունների փաթեթով, մյուս կողմում` նման փոփոխություններին դեմ արտահայտված ուժերը՝ հանրահավաքի օրակարգով: Սա նշանակում է, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի իրականություն դարձնել իր վերարտադրության համար նախատեսված սահմանադրական փոփոխությունները, ապա Հայաստանում կհաստատվի Սարգսյանի ցմահ իշխանությունը, և երկիրը կշարունակի գլորվել անդունդ: Իսկ եթե Սահմանադրության փոփոխությանը դեմ արտահայտված ուժերին հաջողվի կասեցնել այդ գործընթացը, կստեղծվի Հայաստանի հնարավոր զարգացման տարբերակները քննարկելու հնարավորություն: