Գրքերի ֆլեշմոբը և կարդալու առավելությունները

«Ընթերցողը մինչ իր մահը ապրում է հազարավոր կյանքեր, իսկ նա, ով չի կարդում, ապրում է ընդամենը մեկ կյանք» Ջորջ Մարտին

Վերջին օրերին Ֆեյսբուքը Հայաստանում դրական երանգ է ստացել: Օգտատերերը ֆլեշմոբի շրջանակում գրում են այն տասը գրքերի մասին, որոնք ազդեցություն են ունեցել իրենց վրա: Ճիշտ է, որոշ մարդիկ բողոքում են այդ ֆլեշմոբից, սակայն միանշանակ կարելի է պնդել, որ այն շատ դրական ազդեցություն է ունենում, քանի որ գիրք կարդալը քննարկման առարկա է դարձնում:

Կարդալու դրական ազդեցությունների մասին բազմաթիվ փաստարկներ կան: Վերջերս սոցիալական ցանցում աչքովս ընկավ մի հոդված, որն ուներ այս վերնագիրը՝ «Ինչու են կարդացողները, գիտականորեն, լավագույն մարդիկ սիրահարվելու համար» (Why Readers, Scientifically, Are The Best People To Fall In Love With), բացեցի հղումը, և հեղինակը իսկապես համոզեց, որ այդպես է: Նա խորհուրդ էր տալիս սիրահարվել ընթերցողներին: Հեղինակը պնդում է, որ ընթերցողները ավելի լավ մարդիկ են, քանի որ նրանք վերապրում են ուրիշների կյանքը վերացական աչքերի միջոցով: Նրանք մուտք ունեն դեպի հազարավոր հոգիներ, և ըմբռնում են նրանց ներաշխարհը: Ընթերցողները հասկացել են այնպիսի բաներ, որոնք այլոք չեն կարող հասկանալ:

Միայն անհատական մակարդակում չէ, որ ընթերցանությունը դրական արդյունքների է հանգեցնում: 15-րդ դարի կեսին տպագրության գյուտը հեղափոխություն մտցրեց ընթերցանության ոլորտում, որի արդյունքում ընթերցանության նյութերը հասանելի դարձան ավելի լայն զանգվածներին: Գրքի ինքնարժեքը նվազեց, որը մարդկանց համար ավելի շատ կարդալու խթան ստեղծեց: Արդյունքում գրաճանաչության մակարդակը բարձրացավ Եվրոպայում: Ընթերցանության հեղափոխությունը դրական արդյունքներ ունեցավ Եվրոպայի համար:

Ամերիկացի հոգեբան Սթիվեն Պինկերը իր «Մեր բնույթի լավագույն կողմերը. ինչու է բռնությունը նվազել» (The Better Angels of Our Nature: Why Violence Has Declined) գրքում պնդում է, որ մարդկության պատմության ընթացքում բռնությունների նվազումը կապված է եղել նաև ընթերցանության տարածման հետ: Ըստ Պինկերի` ընթերցանությունը մարդկանց համար հնարավորություն է ստեղծել ավելի լավ ճանաչելու աշխարհը, իմանալու այլ մարդկանց մասին, որոնց չեն հանդիպել, վերապրել այն ամենը, ինչ նրանք են զգացել: Ընթերցանությունը ընդարձակել է մարդկանց մտահորիզոնը, որը մարդասիրություն է ավելացրել նրանց զգացմունքներում:

Ըստ Պինկերի` գրագիտության ուժն այն է, որ այն ընթերցողին հանում է իր նեղ վիճակից և հնարավորություն է տալիս իրերին նայել ավելի լայն մտահորիզոնով: Հաճախ ընթերցողները վերապրում են իրենց գրքի հերոսների զգացմունքները, և զանգվածային վերապրումը կարող է տանել նրան, որ հանրությունը փոխի վերաբերմունքը որոշակի հարցերի շուրջ (ճիշտ է՝ այս հոդվածը հերոս չունի, բայց գրելու հիմնական մոտիվացիան գրքի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է):

Ավստրալացի փիլիսոփա Փիթեր Սինգերը պնդում է, որ պատմության ընթացքում մարդիկ ընդլայնել են այն էակների ցանկը, որոնց շահերը նրանք գնահատում են: Դրա վառ օրինակն է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ընդլայնումը: Նման ընդլայնման պատճառներից մեկը ընթերցանությունն է:

Ընթերցանությունը դրական է ազդում ոչ միայն անհատների վրա. դրանից նաև հանրությունն է շահում: Եթե անհատական մակարդակում ընթերցանությունը տանում է նրան, որ անհատին ավելի շատ են սիրում, ու նա ավելի լավ սոցիալական ստատուս է ձեռք բերում, ապա հանրային մակարդակում բռնությունները նվազում են: Եթե ընտանիքում ծնողները իրենց երեխաների մեջ գրքի հանդեպ սեր են դաստիարակում, կամ ինչ որ մեկն իր ընկերոջը խորհուրդ է տալիս գիրք կարդալ, դրանից ոչ միայն շահում է ընթերցողը, այլև հանրությունը:

Այսօր տեխնոլոգիաները ոչ միայն դյուրացրել են ընթերցանությունը, այլև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ժանրի գրքեր հասանելի են դարձրել շատերին: Պետք է օգտվել այդ հնարավորությունից, որից ոչ միայն դուք կշահեք, այլև հանրությունը:

Մեկնաբանել