Արցախում նոր բնակավայր է հիմնադրվել

Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանում՝ Աղավնո գետի ափին, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել նոր թաղամասի բացում, որը կառուցվել է լիբանանահայ ներդրողների ֆինանսավորմամբ՝ նրանց հիմնադրած «Արցախ Րութս Ինվեսթմենթս» (Artsakh Roots Investments) ընկերության կողմից: 50 տնից բաղկացած թաղամասն առաջիկայում կընդլայնվի և կունենա ընդհանուր 150 տուն։ Նախագիծը կազմվել է Լիբանանի խոշորագույն ճարտարապետական ընկերություններից մեկի կողմից:

Աղավնոյում նորակառույց թաղամասի բացմանը ներկա են եղել լիբանանահայ գործարարներ, Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Միջոցառմանը նախորդել է Կովսականի երեխաների արհեստագործական տոնավաճառը։

«Արցախ Րութս Ինվեսթմենթս» ընկերության գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրեանը և տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերը:

2009թ. հիմնադրված «Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ի նպատակն է աջակցել Արցախի վերաբնակեցմանը, երկարաժամկետ զարգացմանը: Ընկերությունն արդեն չորս տարի է՝ ներդրումներ է իրականացնում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում: Ալեքսանդրեանը հիշեցնում է, որ 2009թ., երբ ընկերությունը հիմնադրվեց, ընդամենը 18 բաժնետեր ուներ՝ 300 հազ. դոլար դրամագլխով, մինչդեռ այսօր արդեն դրամագլուխը հասել է 2.5 մլն դոլարի: Ամենակարևորը, ըստ նրա, մեծացել է ընկերության բաժնետերերի թիվը և հասել մինչև 150-ի։

«Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ի գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրեանը (ձախից) և տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը:

Ալեքսանդրեանն ասում է, որ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակչության ¼-ն օգտվում է ընկերության տրամադրած վարկերից, իսկ անասնապահության ոլորտում արված ներդրումների 90%-ը այս շրջանում բաժին է ընկնում «Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ին:

Ընկերության տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պճաքճեանն ասում է, որ ներդրումների համար ընտրել են գյուղատնտեսությունը, որովհետև հացահատիկի մեծ կարիք կա: «Հարկավոր է, որ Արցախը ոչ միայն հասնի պարենային ինքնաբավության, այլև կերակրի Հայաստանին: Կան հսկա հողատարածքներ, որոնք մշակման կարիք ունեն, և մի մասն արդեն մշակման փուլում է»: Ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ գյուղատնտեսությունում ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում, ինչը նպաստում է այս շրջանների վերաբնակեցմանը։

Թե ինչու են ներդրումների համար ընտրվել Քաշաթաղի և Շահումյանի շրջանները, Պչաքճեանն ասում է. «Այս շրջանները ռազմավարական մեծ նշանակություն ունեն, մայր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կամուրջ են: Լեռնային Ղարաբաղին կապող չորս ճանապարհները այս շրջաններով են անցնում: Բացի այդ՝ կլիման բարենպաստ է թե՛ անասնապահության, թե՛ հողագործության համար»:

«Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ը ներդրումներն իրականացնում է ոչ թե ուղղակիորեն, այլ Լեռնային Ղարաբաղի կառավարության միջոցով և երաշխավորմամբ, որը սուբսիդավորում է գյուղացիներին տրվող վարկերը։ Արդյունքում դրանք տրամադրվում են շուկայականից էապես ցածր՝ տարեկան 6% տոկոսադրույքով: (Հայաստանում և Արցախում առևտրային բանկերը գյուղատնտեսական վարկերը ամենառիսկայինն են համարում և վարկավորում են տարեկան մինչև 24% տոկոսադրույքով, ինչը Կենտրոնական բանկի սահմանած առավելագույն շեմն է):

Լիբանանահայ գործարարները նշեցին, որ ի սկզբանե իրենց առաջ նպատակ են դրել, որ կատարած ներդրումները եկամտաբեր լինեն, մեծ թվով մարդկանց ապահովեն աշխատանքով և նպաստեն շրջանների կայուն զարգացմանը: Ներկայում, երբ արդեն 1000 գյուղացի օգտվում է ընկերության տրամադրած վարկերից, նրանք իրենց նպատակները ամբողջացած են տեսնում:

Պչաքճեանն ու Ալեքսանդրեանն ասում են, որ իրենց երկարաժամկետ տեսլականն այն է, որ ընկերության բաժնետոմսերը դրվեն ազատ շրջանառության մեջ:

Թաղամասի հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև ՍիվիլՆեթի լրագրողական խումբը (տեսանյութը՝ շուտով):

Աղավնո գետի մոտ բնակավայրի մասին ՍիվիլՆեթը տեսանյութ էր պատրաստել նաև դրա կառուցման ժամանակ՝ օգոստոսին:

Մեկնաբանել