15 սեպտեմբեր, 2014 09:20

Ոստիկանության՝ օրինականության մեջ մնալու հրամայականը

Սեպտեմբերի 11-ին ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ ապագային միտված վտանգը Հայաստանում պետք է դիտել ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճումը: Երկու օր անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ոստորաբաժանումների ու ոստիկանության զորքերի զորավարժության ժամանակ զգուշացրեց, որ որևէ մեկը երկրի ճակատագրի հետ չխաղա և ռևանշիզմի ձգտի: Հետաքրքիր է, որ ոստիկանապետը կրկնում է ՀՀԿ-ի խոսնակի մտքերը, բայց ավելի հետաքրքիրն այն է, որ ոստիկանապետը հայտարարում է. «Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»։

Ոստիկանապետը սպառնում է ոչ իշխանական ուժերին և հանրությանը: Նա դուրս է գալիս իր լիազորություններից և իրեն օրենքից դուրս է դնում: Նման վարքագիծը ոչ միայն վտանգավոր է հանրության համար, այլև հենց Գասպարյանի համար: Քաղաքական թեժ գործընթացներում լավագույն տարբերակը օրենքի շրջանակներում մնալն է, որովհետև միայն այդ տարբերակն է պաշտոնյայի համար անվտանգություն ապահովում:

Այս պահին հայտնի չէ, թե ներքաղաքական գործընթացներն ինչ ուղղությամբ կգնան, բայց եթե Վլադիմիր Գասպարյանը նախքան այդ գործընթացները իրեն օրենքից դուրս է դնում ու ՀՀԿ խոսնակի դերն է ստանձնում, դա կարող է վատ ավարտ ունենալ նրա համար: Թեժ աշնան հաջող ավարտի սցենարներից մեկը լինելու է այն, որ Սերժ Սարգսյանը չի կատարելու սահմանադրական փոփոխություները և հեռանալու է քաղաքական դաշտից 2018թ.։ Բացառված չէ, որ թեժ աշունը հանգեցնի Սերժ Սարգսյանը ավելի շուտ հեռանալուն: Եթե Վլադիմիր Գասպարյանն այդ ընթացքում իրեն օրենքից դուրս է դնում, դա նշանակում է, որ պատասխանատվություն կկրի, և Սերժ Սարգսյանը իշխանությունը կորցնելուց հետո հաստատ չի կարողանա նրան պաշտպանել կատարած անօրինականությունների համար:

Հայաստանի ներքին կայուն վիճակը միմիայն կախված է օրենքի շրջանակներում մնալու գործոնից: Եթե որևէ մեկը իրեն օրենքից դուրս է դնում, նա ապակայունացնում է երկիրը: Եվ ցանկացած պաշտոնյա առաջին հերթին պետք է ծառայի օրենքին։ Հնարավոր չէ հակաօրինական գործողություններով ծառայել ժողովրդին։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: